Ռուս իրավապաշտպանին թույլ չեն տվել մուտք գործել Վրաստան

Թաթա Շոշիաշվիլի, OC Media

Վրաստանում բնակվող և կանանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող ռուս ակտիվիստին թույլ չեն տվել կրկին մուտք գործել երկիր մի քանի օր անց այն բանից հետո, երբ վերջինս Ռուսաստանի կողմից «օտարերկրյա գործակալ» է ճանաչվել։

Ռուսական «Խոլոդ» («Холод») անկախ ամսագիրը կիրակի հայտնել է, որ Երևան աշխատանքային այցից հետո Աննա Ռիվինային թույլ չեն տվել մուտք գործել երկիր:

Ռիվինան ընտանեկան բռնության զոհ դարձած անձանց ծառայություններ և ապաստան տրամադրող Nasiliu.Net («Ոչ բռնությանը») կազմակերպության հիմնադիր տնօրենն է։ Ըստ տեղեկությունների՝ նա արդեն մի քանի ամիս ապրում էր Վրաստանում:

«Խոլոդ» ամսագրի հետ զրույցում Ռիվինան ասել է, որ իրեն ստիպել են մի քանի ժամ սպասել սահմանին, այնուհետև թույլ չեն տվել մուտք գործել Վրաստան։

Ռուսաստանի արդարադատության նախարարությունը 2020 թ․ Nasiliu.Net-ը ներառել է հասարակական կազմակերպությունների ցանկում, որոնք, ըստ նախարարության, գործում են որպես «օտարերկրյա գործակալներ»: Փետրվարի 10-ին Ռիվինան ինքն է «օտարերկրյա գործակալ» հայտարարվել:

Վրաստանի ներքին գործերի նախարարությունը հրաժարվել է մեկնաբանություն տալ միջադեպի վերաբերյալ։

Ռուս բլոգեր Նիկոլայ Լևշիցը տեղեկացրել է, որ Ռիվինան արդեն մեկնել է Իսրայել։ Լևշիցն ասել է, որ Վրաստան Ռիվինայի մուտքն արգելել են «վրացական օրենսդրությամբ նախատեսված այլ դեպքերի» հիման վրա։ Վրացական իշխանությունները օրենքի այս հատվածը հաճախ են վկայակոչում ավտորիտար երկրների ակտիվիստների և լրագրողների մուտքն արգելելու համար:

Մերժված ռուսները Վրաստանում

2022 թ․ փետրվարի 24-ին Ուկրաինա Ռուսաստանի լայնամասշտաբ ներխուժումից հետո հարյուր հազարավոր ՌԴ քաղաքացիներ փախել են Վրաստան:

Վրաստան մուտք գործելու համար Ռուսաստանի քաղաքացիներից մուտքի արտոնագիր չի պահանջվում, այնուհանդերձ, բազմաթիվ հաղորդումներ են ստացվել այն մասին, որ Ռուսաստանի կառավարությանը քննադատող մարդկանց մուտքը Վրաստան արգելվել է առանց բացատրության:

Հյուսիսային Կովկասից Ռուսաստանի քաղաքացիները նույնպես Բազմաթիվ հաղորդումներ են ներկայացրել այն մասին, որ իրենք ևս խտրական վերաբերմունքի են արժանանում։

Դեկտեմբերի 10-ին «Խոլոդ»-ը գրել էր, որ նույն ամսագրի փոդքասթների խմբագիր Ալեքսեյ Պոնոմարևին արգելվել է մուտք գործել Վրաստան, երբ նա Լատվիայի մայրաքաղաք Ռիգայից վերադարձել էր Թբիլիսի:

Սեպտեմբերին ռուս ֆոտոլրագրող Վասիլի Կրեստյանինովին երկու շաբաթից պակաս ժամանակում երկու անգամ արգելել են մուտք գործել Վրաստան, չնայած այն հանգամանքին, որ նա 2021 թ․ վերջից բնակվում էր Վրաստանում։

Նույն ամսին «Նուժնա պոմոշ» («Нужна помощь») հիմնադրամի և «Տակիե Դելա» («Tакие дела») առցանց պարբերականի հիմնադիր Միտյա Ալեշկովսկու մուտքը նույնպես մերժվել է։

Հունիսին սահմանային ոստիկանությունը Pussy Riot խմբի անդամ Օլգա Բորիսովային առանց բացատրության արգելել էր մուտք գործել Վրաստան։

Ռուսական «Մեդիազոնա» (Медиазона) առցանց լրատվամիջոցի թղթակից Դեյվիդ Ֆրենկելին մարտի 10-ին թույլ չեն տվել մուտք գործել Վրաստան՝ չորս օր անց այն բանից հետո, երբ ուկրաինական պատերազմի մասին լուրերը գրաքննելուց հրաժարվելու համար ռուսական իշխանությունները արգելափակել էին այդ լրատվամիջոցը:

Մեկ այլ հայտնի լրագրող՝ Միխայիլ Ֆիշմանը, որը ռուսական անկախ «Դոժդ» հեռուստաընկերության հաղորդավարներից է, մարտի 5-ին հայտարարել էր, որ նման խնդրի է առնչվել։

Կառավարության քննադատների մուտքն արգելելու ակնհայտ քաղաքականությունը Ռուսաստանով չի սահմանափակվում: Հունվարին Ադրբեջանի ընդդիմադիր «Ժողովրդական ճակատ» կուսակցության փոխնախագահ Սեյմուր Հազիին նույնպես արգելել են մուտք գործել Վրաստան՝ առանց բացատրության։

Մեկնաբանել