«Անհրաժեշտության դեպքում ՀԱՊԿ երկրները պատրաստ են օգնել Կովկասում իրենց դաշնակցին, եղբորը»․ Սիդորով

ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ Անատոլի Սիդորովը կարծում է, որ անհրաժեշտության դեպքում ՀԱՊԿ երկրները պատրաստ են օգնել Կովկասում իրենց դաշնակից Հայաստանին։

«Եթե իրավիճակը թելադրի ՀԱՊԿ ուժերի ներգրավում կովկասյան տարածաշրջանում, իսկ դա պետությունների ղեկավարների իրավասությունն է, ապա փորձը կա, որոշակի ծրագրեր նույնպես մշակվել են։ Կարծում եմ, որ ՀԱՊԿ անդամ պետությունները պատրաստ կլինեն աջակցել կովկասյան տարածաշրջանում իրենց դաշնակցին, եղբորը»,- փետրվարի 14-ին կայացած ասուլիսի ժամանակ ասել է Սիդորովը։

Նա նշում է, որ լրատվամիջոցներում հաճախ տեղեկություններ են շրջանառվում, որ ՀԱՊԿ-ն իր անդամին օգնություն չի ցուցաբերում, բայց ռազմաքաղաքական իրավիճակը տարբեր է լինում։ Ըստ ՀԱՊԿ միացյալ շտաբի պետի՝ միշտ չէ, որ ռազմական ուժերով գործողություններ իրականացնելու անհրաժեշտություն է լինում, «երբեմն պետք է գործի «մի վնասիր» սկզբունքը»։

«Գաղտնիք չէ, որ անցած տարվա սեպտեմբերին Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղի ունեցան վատ իրադարձություններ։ Ավելին, եղել են զոհեր և զինվորականների, և խաղաղ բնակիչների շրջանում, և գրանցվել են տարածքային, զինտեխնիկայի կորուստներ»,- ասել է նա։

Սիդորովը հիշեցրել է, որ սեպտեմբերյան իրադարձություններից հետո տեղի ունեցավ ՀԱՊԿ անվտանգության խորհրդի արտահերթ նիստ, որի ընթացքում որոշում կայացվեց Հայասռան առաքելություն ուղարկել՝ ՀԱՊԿ միացյալ շտաբի պետը և ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի գլխավորությամբ։

«Մենք փորձել ենք առավելագույնս օբյեկտիվ վերլուծություն կատարել այն իրավիճակի վերաբերյալ, որը ստեղծվել է, և զեկույց ենք ներկայացրել պետությունների ղեկավարներին։ Հետո արդեն որոշում են կայացնում պետությունների ղեկավարները»,- նշել է Սիդորովը։

Նրա խոսքով՝ ՀԱՊԿ ղեկավարներն ամեն ինչ կանեն, որպեսզի տարածաշրջանում խաղաղություն հաստատվի և Հայաստանի ու Ադրբեջանի միջև փոխըմբռնելի լուծում գտնվի։

Մեկնաբանել