Արցախի էներգետիկ համակարգը չի դիմանում ծանրաբեռնվածությանը, բաշխիչ ցանցը ծայրահեղ վիճակում է

Արցախի պետական նախարար, օպերատիվ շտաբի պետ Ռուբեն Վարդանյանի ղեկավարությամբ այսօր՝ փետրվարի 14-ին, տեղի ունեցած շտաբի նիստում քննարկվել են մի շարք հրատապ հարցեր:

Պետնախարարի աշխատակազմից հայտնում են, որ նիստի ընթացքում ներկայացվել է պարենային ապրանքների, դեղորայքի, վառելիքի, ինչպես նաև ենթակառուցվածքների ոլորտներում իրավիճակը:

««Արցախէներգո» ընկերության տնօրեն Անդրանիկ Խաչատրյանը նշել է, որ գազամատակարարման բացակայության և ցուրտ եղանակի պայմաններում էներգետիկ համակարգը չի դիմանում ծանրաբեռնվածությանը, ավելացել են վթարները, բաշխիչ ցանցը գտնվում է ծայրահեղ վիճակում: Պետնախարարը հանձնարարել է իրավիճակի հետ կապված առաջարկներ ներկայացնել՝ պատասխանատու բոլոր կառույցների հետ քննարկելու և ստեղծված պայմաններում հնարավորինս արդյունավետ լուծումներ գտնելու համար»,- ասված է հաղորդագրությունում։

Հունվարի 9-ին ադրբեջանական կողմը խափանել է նաև Գորիս-Ստեփանակերտ 110 ԿՎ բարձրավոլտ միակ գիծը՝ Արցախի բնակիչներին զրկելով նաև էլեկտրական հոսանքի կայուն մատակարարման հնարավորությունից։ Եղանակային առկա պայմաններում էլեկտրաէներգիայի մատակարարումը իրականացվում է Արցախի ներքին սահմանափակ ռեսուրսների հաշվին՝ օրական 6 ժամ տևողությամբ հովհարային անջատումներով։

Սոցիալական զարգացման և միգրացիայի նախարար Արմեն Մանգասարյանը ներկայացրել է շրջափակման հետևանքների մեղմմանն ուղղված աջակցության սոցիալական միջոցառումների ընթացքը՝ տեղեկացնելով, որ շահառուների դիմումների ներկայացման գործընթացը մեկնարկել է: Պետնախարարը հանձնարարել է աջակցության միջոցառումների վերաբերյալ հանրային պատշաճ իրազեկում ապահովել, որպեսզի բոլոր շահառուները կարողանան ժամանակին ստանալ նախատեսված փոխհատուցումները:

Արմեն Մանգասարյանը տեղեկացրել է նաև, որ ընթացքում են Արցախ հասած բարեգործական որոշ բեռների բաշխման աշխատանքները: Բարեգործական եղանակով ստացված պարենային ապրանքները տրամադրվում են բացառապես անվճար՝ սոցիալապես անապահով խմբերին: Ռուբեն Վարդանյանը կարևորել է գործընթացի առավելագույնս թափանցիկ իրականացումը՝ նշելով, որ այն պետք է պարզ և հասկանալի լինի ինչպես բեռն ուղարկած բարեգործական կազմակերպությունների, այնպես էլ հասարակության համար:

Մեկնաբանել