Հայրենիքի հողը ինձ սնում է, ուրիշ տեղ ես չկամ․ Տիգրան Ջրբաշյան

Ի՞նչ է լավ առաջնորդությունը, ինչպե՞ս է պետք հզորացնել թիմի անդամներին և կառուցել առողջ կազմակերպչական միջավայր, ո՞րն է կյանքի իրական իմաստն ու նպատակը․ այս և այլ հարցերի շուրջ Լարա Չոլաքյանը զրուցում է Տիգրան Ջրբաշյանի հետ։

Տիգրանը կիսվում է իր ընտանեկան պատմություններով, որոնք կապված են Վանի (ներկայիս Թուրքիա) հետ, ներկայացնում հորական պապի՝ ակադեմիկոս Տիգրան Ջրբաշյանի ճանապարհորդությունը Վանից մինչև Թբիլիսի, Փարիզ և ապա՝ Երևան։ Նա նաև պատմում է մորական պապի՝ վարպետ Մարգար Սեդրակյանի (ևս Վանից) պատմությունը, որը որպես 6 տարեկան որբ երեխա կարողացել է հաղթահարել մանկության բազմաթիվ տրավմաները՝ դառնալով Հայաստանում կոնյակի արտադրության նոր տեխնոլոգիայի հիմնադիրը և արտադրելով Խորհրդային Միության և աշխարհի առաջնորդների, այդ թվում՝ Ուինսթոն Չերչիլի կողմից գնահատված ամենահայտնի հայկական կոնյակները։

Տիգրանը ներկայացնում է, թե ինչ դեր են ունեցել ընտանեկան պատմություններն ու ժառանգությունն իր կյանքում և շեշտում՝ մեծապես հպարտ ու պատասխանատու է զգում իր ընտանեկան ժառանգությունը Հայաստանում պահպանելու և հանուն իր ազգի ապագա զարգացման աշխատելու համար։

Տիգրան Ջրբաշյանի մասին

Տիգրան Ջրբաշյանը Հայաստանում առաջատար խորհրդատվական ընկերություններից մեկի՝ «Ամերիա» ՓԲԸ-ի կառավարման խորհրդատվական ծառայության ղեկավարն է: Նա ունի կառավարման ոլորտում խորհրդատվական գործունեության ավելի քան 20 տարվա փորձ:

Ջրբաշյանը երկրի առաջատար փորձագետներից է ռազմավարության մշակման, ոլորտային բարեփոխումների նախագծման, օրենսդրական նորմատիվ ակտերի մշակման և ինստիտուցիոնալ կառուցման ոլորտներում: Ջրբաշյանը հեղինակել է ավելի քան 130 գիտական հոդվածներ և հրապարակումներ, որոնք տպագրվել են տեղական և միջազգային ամսագրերում։

Ավարտել է Հայաստանի Պետական ճարտարագիտական համալսարանը՝ ճարտարագիտության և մեխանիկայի մասնագիտությամբ։ Կրթությունը շարունակել է Ռուսաստանի Բաումանի անվան Մոսկվայի պետական տեխնիկական համալսարանի ասպիրանտուրայում, տնտեսական գիտությունների թեկնածու է։

Մեկնաբանել