Եվս 7 հիվանդ Արցախից տեղափոխվել է Հայաստան

«Կարմիր խաչի» միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ այսօր՝ փետրվարի 14-ին, ծանր հիվանդություններ ունեցող 7 անձ Արցախից տեղափոխվել է Հայաստանի մասնագիտացված բժշկական կենտրոններ, հայտնում է Արցախի առողջապահության նախարարությունը։

Եվս 3 բուժառուներ, որոնք պետական պատվերի շրջանակներում ուղեգրվել են ՀՀ բուժում ստանալու համար, ուղեկցողների հետ վերադարձել են Արցախ։

Մինչ այսօր «Կարմիր խաչի» միջնորդությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել ընդհանուր 97 հիվանդ։

Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը փակելու հետևանքով Արցախում շարունակում են դադարեցված մնալ պլանային վիրահատությունները։

«Արևիկ» բուժմիավորումում 4 երեխա գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում: «Հանրապետական բժշկական կենտրոն»-ում 12 բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որոնցից 4-ը ծայրահեղ ծանր վիճակում է։

***

2022-ի դեկտեմբերի 12-ին մի խումբ ադրբեջանցիներ փակել են Լաչինի միջանցքը։ Ադրբեջանցի «բնապահպան-ակտիվիստները» «բողոքում են ռուս խաղաղապահների ժամանակավոր վերահսկողության տակ գտնվող տարածքում հանքավայրերի ապօրինի շահագործման դեմ»։ Արդեն 65 օր է՝ Ադրբեջանը շարունակում է արգելափակված պահել Արցախը Հայաստանին միացնող միակ ճանապարհը։

Մեկնաբանել