Հայաստանը նոր օգնություն է ուղարկել Թուրքիա՝ հատելով սահմանը

Հայաստանը երկրորդ մարդասիրական օգնությունն է ուղարկել Թուրքիա՝ կրկին հատելով հայ-թուրքական սահմանը։ Այդ մասին Թվիթերի իր էջում գրել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանը։

«Հայաստանը շարունակում է մարդասիրական օգնություն ուղարկել երկրաշարժից տուժած շրջաններ: Երեկ ուշ երեկոյան մարդասիրական օգնության երկրորդ խմբաքանակով բեռնված բեռնատարները հատել են հայ-թուրքական սահմանը՝ Մարգարա կամրջով»,- գրել է Հունանյանը։

Փետրվարի 11-ին Հայաստանը 100 տոննա մարդասիրական օգնություն էր ուղարկել երկրաշարժից տուժած Թուրքիային։ Բեռնատարներն անցել են Արմավիրի մարզում գտնվող Մարգարայի կամրջով։ Սա 1993-ից ի վեր հայ-թուրքական փակ սահմանը հատելու եզակի դեպքերից է։

Հարավարևելյան Թուրքիայում և հյուսիսային Սիրիայում փետրվարի 6-ի ավերիչ երկրաշարժից հետո Հայաստանը փրկարարական խմբեր էր ուղարկել երկու երկրներ։

Փետրվարի 14-ի դրությամբ՝ Թուրքիայում ավերիչ երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 35 հազար 418-ի։

Մեկնաբանել