Ինչ է նշանակում Արցախի Սահմանադրության փոփոխությունը․ պարզաբանում է իրավաբանը

Հայկ Ղազարյան, Ստեփանակերտ

Փետրվարի 13-ին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ստորագրել է հրամանագիր՝ նախաձեռնելով Սահմանադրության փոփոխության գործընթաց՝ «ռազմական դրության ժամանակ Հանրապետության նախագահի պաշտոնը թափուր մնալու դեպքում Ազգային ժողովի կողմից Նախագահի ընտրության և դրա առանձահատկությունների վերաբերյալ»: Նախագիծը ներկայացվել է Ազգային ժողովի քննարկմանը:

Ի՞նչ է նշանակում այդ նախաձեռնությունը:

ՍիվիլՆեթի հետ զրույցում «Իրազեկ քաղաքացիների միավորում» խորհրդատվական հասարակական կազմակերպության իրավաբան-փորձագետ Վաղարշ Աղաբեկյանը պարզաբանում է. «Եթե Արցախի նախագահի ընտրությունների օրը ռազմական դրություն լինի հայտարարված, ապա նախագահին կընտրի Ազգային Ժողովը: Գործող Սահմանադրության կարգավորումներով՝ նախագահն ընտրվում է ուղղակի համընդհանուր ընտրություններով։ Խոսքը սահմանադրական փոփոխությունների նախագծով նախատեսվող կարգավորումների մասին է»:

Արցախում 1992-ից ռազմական դրություն է, որը չի չեղարկվել (տես՝ Արցախում ռազմական դրության քրոնիկոնը):

2022-ի հունվարի 31-ին Արցախի նախագահի հրամանագրով ստեղծվել էր սահմանադրական բարեփոխումների հանձնաժողով: Գործընթացը բավական զարգացել էր, սակայն նոյեմբերի 22-ին Արայիկ Հարությունյանը անսպասելիորեն դիմեց Ազգային ժողովի նախագահին՝ Սահմանադրության փոփոխության նախագիծը վերադարձնելու նպատակով՝ այն հանելով շրջանառությունից:

Այդ նախագիծը միանշանակ չընկալվեց։ Դրանով էապես մեծանում էր Ազգային ժողովի դերը, քանի որ նախագծի ընդունման դեպքում խորհրդարանականները հնարավորություն էին ստանալու ընտրել Հանրապետության նախագահին:

Այս նախաձեռնությունն արդյոք նույնպես չունի՞ այդ նպատակը՝ մեծացնելու խորհրդարանի դերը:

Աղաբեկյանը կարծում է, որ նախագահի ընտրության նման կարգը ժողովրդավարության տեսանկյունից ռիսկային է` հաշվի առնելով Արցախում ռազմական դրության տևողությունը, այն հանելու անորոշ ժամկետը և այլ վտանգներ։

Այս օրերին խոսվում է նաև Արցախում սահմանադրական ճգնաժամի մասին: Աղաբեկյանի խոսքով՝ հումանիտար ու քաղաքական ճգնաժամ միգուցե կա, բայց սահմանադրական՝ ոչ. «Պետական մարմինները շարունակում են գործել իրենց լիազորությունների շրջանակներում, և չկա այդ մարմինների կամ պաշտոնատար անձանց գործունեության լեգիտիմության խնդիր»։

Արցախի Ազգային ժողովի պաշտոնական կայքում Սահմանադրության փոփոխության նախագիծը դեռ չի հրապարակվել: