Մասնակիորեն վերականգնվել է Հայաստանից Արցախ գազամատակարարումը

Ադրբեջանը մասնակիորեն վերականգնել է Հայաստանից Արցախ գազամատակարարումը, որը արգելափակել էր փետրվարի 8-ին: Այս մասին հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը։

«Հաշվի առնելով մատակարարվող գազի ոչ բավարար ծավալը՝ առայժմ գազը կմատակարարվի Ստեփանակերտ քաղաքի բաժանորդ-բնակիչներին: Գազի բավարար ճնշումը ապահովելուց հետո, ուշ երեկոյան նախատեսվում է վերականգնել մայրաքաղաքի և շրջկենտրոնների գազալցակայանների մատակարարումը»,- տեղեկացնում են շտաբից։

***

Հայաստանից Արցախ մտնող գազատարն անցնում է ադրբեջանական վերահսկողության տարածքներով։ 2022-ի դեկտեմբերի 12-ից ի վեր Ադրբեջանը 7 անգամ դադարեցրել է Լեռնային Ղարաբաղի գազամատակարարումը։

Հունվարի 9-ին ադրբեջանական կողմը խափանել է նաև Գորիս-Ստեփանակերտ 110 ԿՎ բարձրավոլտ միակ գիծը՝ Արցախի բնակիչներին զրկելով նաև էլեկտրական հոսանքի կայուն մատակարարման հնարավորությունից։ Եղանակային առկա պայմաններում էլեկտրաէներգիայի մատակարարումը իրականացվում է Արցախի ներքին սահմանափակ ռեսուրսների հաշվին՝ օրական արդեն 6 ժամ տևողությամբ հովհարային անջատումներով։

2022-ի դեկտեմբերի 12-ին մի խումբ ադրբեջանցիներ փակել են Լաչինի միջանցքը։ Ադրբեջանցի «բնապահպան-ակտիվիստները» «բողոքում են ռուս խաղաղապահների ժամանակավոր վերահսկողության տակ գտնվող տարածքում հանքավայրերի ապօրինի շահագործման դեմ»։ Արդեն 65 օր է՝ Ադրբեջանը շարունակում է արգելափակված պահել Արցախը Հայաստանին միացնող միակ ճանապարհը։

Մեկնաբանել