Արարատ Միրզոյանն Ադըյաման քաղաքում հանդիպել է հայ փրկարարներին

Փետրվարի 15-ին Թուրքիայում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն այցելել է երկրաշարժից տուժած Ադըյաման քաղաք, որտեղ հանդիպել է փետրվարի 8-ից որոնողափրկարարական աշխատանքներ իրականացնող ՀՀ փրկարարական խմբին, ինչպես նաև ծանոթացել Հայաստանից նախօրեին ուղարկված հումանիտար օգնության տեղաբաշխման գործընթացին:

ՀՀ որոնողափրկարարական խմբի հրամանատարը նախարար Միրզոյանին է ներկայացրել աղետից տուժած քաղաքում հայկական փրկարարարների կողմից կատարած աշխատանքները՝ նշելով, որ գործընկերների հետ համագործակցությամբ հաջողվել է փլատակներից դուրս բերել երեք մարդու:

Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորման բանակցություններում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանն ամփոփել է Անկարայում Հայաստանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարների հանդիպման արդյունքները:

«Արմենպրես»-ի հետ զրույցում Ռուբեն Ռուբինյանն ընդգծել է, որ հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել վերականգնել Անիի կամուրջը: «Այսօր ես և Արարատ Միրզոյանն այցելել ենք Անկարա և հանդիպել ենք Թուրքիայի արտաքին գործերի նախարարին: Այնտեղ ֆիքսվեց, որ համատեղ ջանքերով կվերականգնվի Անիի կամուրջը, որի մի մասը գտնվում է Հայաստանում, մյուս մասը Թուրքիայում»,- ասել է Ռուբինյանը:

Անդրադառնալով Մարգարայի կամրջի հարցին՝ Ռուբինյանն ասել է, որ արդեն փորձով ապացուցվել է, որ այդ կամուրջը նորմալ վիճակում է՝ շեշտելով, որ Անկարայում հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել այս ուղղությամբ գործընթացն արագացնելու վերաբերյալ:

Հարցին՝ նախանշվա՞ծ է, թե առաջիկայում ինչ հանդիպումներ են լինելու, Ռուբինյանը պատասխանել է. «Ոչ, այս պահին ոչ»:

Իսկ հարցին՝ Հայաստանի և Թուրքիայի ֆուտբոլի ազգային հավաքականների առաջիկա հանդիպումների հետ կապված փոխայցելություններ կլինե՞ն, թե՞ ոչ, Ռուբինյանն ասել է, որ այս պահին նման պայմանավորվածություններ չկան:

Մեկնաբանել