Չեմ հավակնում Արցախի նախագահի պաշտոնին․ Սամվել Բաբայան

Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը հայտարարություն է տարածել՝ տեղեկացնելով, որ չի հավակնում Արցախի նախագահի պաշտոնին։

«Սթափ գնահատելով Արցախի անվտանգության ներկա և ապագա մարտահրավերները՝ ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ չեմ հավակնում Արցախի նախագահի պաշտոնին՝ անկախ Սահմանադրության փոփոխությունից, կառավարման մոդելից, նախագահի ընտրության կարգից և այլն։ Եվ թույլ չեմ տա, որ իմ անձը շահարկեն ներքաղաքական գզվռտոցներում»,- ասված է հայտարարությունում։

Բաբայանի կարծիքով՝ նախաձեռնված սահամանդրական կարգավորումները Արցախի «սուբյեկտայնության հիմքում դրված ականներ են, որոնք այս ճգնաժամի պայմաններում շղթայական ռեակցիայով փոշիացնելու են Արցախի վերջին փշրանքները»։

«Սահմանադրական փոփոխություններն այլընտրանք չունեն։ Սա է հուշում պետական մտածողությունը։ Մնացածը մարդու իրավունքների, իշխանություն զավթելու և այլ պատճառաբանություններով նեղ անձնական շահեր են։ Մրցակիցներ չունեմ, այդ թվում՝ քաղաքական դաշտում։ Հետևապես՝ ինձ ամեն մեկին մրցակից դարձնելուց առաջ մտածեք՝ ես և նա մրցելու ի՞նչ ունենք։ Ես ինքնուրույն գործիչ եմ, ով իր ողջ գիտակցական կյանքը շարունակելու է մեկ նպատակ և շահ ունենալ՝ հայկական Արցախ։ Այն ինչ ասում եմ, ապացուցել եմ դեռևս 1999-ին․ գիտակցաբար հետքայլ եմ արել՝ պետականությունը վեր դասելով քաղաքական շոուից։ Նույն եմ անում նաև այսօր»,- նշված է Բաբայանի տարածած հայտարարությունում։

Մեկնաբանել