Ադրբեջանի կողմից նոր էսկալացիայի վտանգը մնում է բարձր․ Միրզոյան

Ադրբեջանի կողմից նոր էսկալացիայի հրահրման վտանգը շարունակում է մնալ բարձր, հայտարարել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։

Փետրվարի 16-ին Միրզոյանը հանդիպում է ունեցել Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի տեղակալ Բյորն Բերգեի հետ: Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են ՀՀ-ԵԽ համագործակցությանը, ինչպես նաև՝ տարածաշրջանային կայունությանը վերաբերող հարցեր:

Աջակցել մեզ

Հանդիպմանը հաջորդել է Հայաստանի համար Եվրոպայի խորհրդի 2023-2026թթ․ գործողությունների ծրագրի մեկնարկի արարողությունը։

Բացման խոսքում Հայաստանի ԱԳՆ ղեկավարը, մասնավորապես, ասել է. «Մենք ապրում ենք անվտանգային բազում սպառնալիքներով լի տարածաշրջանում: Ավելի քան երկու ամիս է, ինչ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով շարունակվում է հումանիտար ճգնաժամը ԼՂ-ում, Ադրբեջանը պատանդառության մեջ է պահում հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց, բազմաթիվ անհետ կորած անձանց և բռնի անհետացածների ճակատագրերը մնում են չպարզաբանված: 2021-ի մայիսին և նոյեմբերին, ինչպես նաև 2022-ի սեպտեմբերին ձեռնարկված ագրեսիայի արդյունքում ՀՀ ինքնիշխան տարածքները հայտնվել են ադրբեջանական օկուպացիայի ներքո, իսկ Ադրբեջանի կողմից նոր էսկալացիայի հրահրման վտանգը շարունակում է մնալ բարձր։ Եվ ահա, չնայած Հայաստանի և նրա ժողորդավարության դեմ ուղղված այս քայլերին, մենք հավատարիմ ենք մնում մեր արժեքներին և Եվրոպայի խորհրդի հետ համագործակցաբար՝ շարունակում ենք ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդումը»։

Մեկնաբանել