Վրաստանի խորհրդարանը կքննարկի օտարերկրյա գործակալների մասին օրինագիծ 

Թաթա Շոշիաշվիլի, OC Media

Վրաստանի խորհրդարան կներկայացվի օրինագիծ, որը արտերկրից ֆինանսավորում ստացող լրատվամիջոցներին և քաղհասարակության կազմակերպություններին կդասակարգի որպես «օտարերկրյա ազդեցության գործակալներ»։ Օրինագիծը մտավախություններ է հարուցել, որ Վրաստանում Ռուսաստանի օրինակով կլինեն բռնաճնշումներ:

Նախագիծը ներկայացրել է «Ժողովրդական իշխանությունը»՝ կառավարամետ պատգամավորների խումբ, որը պաշտոնապես լքել է իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը՝ վերջինիս աջակցությամբ, որպեսզի «բաց խոսի» Վրաստանը Ռուսաստանի դեմ պատերազմի մեջ ներքաշելու արևմտյան ենթադրյալ դավադրության մասին:

Երեքշաբթի հայտարարելով այդ քայլի մասին՝ խումբը նշել է, որ նախագիծը հիմնված է «բացության և թափանցիկության սկզբունքների վրա»։ Այս օրինագիծը նման է Ռուսաստանում 2012-ին ընդունված օտարերկրյա գործակալների մասին օրենքին։ Այն լայնորեն օգտագործվել է լրատվամիջոցների ազատությունն ու այլախոհությունը խեղդելու համար:

Քննադատները նախազգուշացնում են, որ սա կարող է հանգեցնել նմանատիպ բռնաճնշումների Վրաստանում: Եվրախորհրդարանի պատգամավոր Անդրիուս Կուբիլիուսը OC Media-ին ասել է, որ օրենքի ընդունումը կվտանգի Վրաստանի՝ ԵՄ անդամակցության հայտը:

OC Media-ի տրամադրության տակ հայտնված օրինագծի պատճենը ցույց է տալիս, որ այն կազդի երկրում գործող ցանկացած հեռարձակողի, թերթի կամ վրացալեզու առցանց մեդիա հարթակի, ինչպես նաև Վրաստանում գրանցված ՀԿ-ների վրա: Որևէ կազմակերպություն, որն իր եկամտի ավելի քան 20%-ը ստացել է «օտարերկրյա ուժից», ստիպված կլինի գրանցվել «Օտարերկրյա ազդեցության գործակալների ռեգիստրում», հակառակ դեպքում կտուգանվի մինչև 25 000 լարի (9 400 դոլար):

Ըստ նախագծի՝ «օտարերկրյա ուժ» է համարվում․

  • արտասահմանյան կառավարություն,
  • անձ, որը Վրաստանի քաղաքացի չէ,
  • իրավաբանական անձ կամ որևէ կազմակերպություն, որը հիմնադրված չէ Վրաստանում՝ վրացական օրենսդրության համաձայն,
  • միջազգային իրավունքի համաձայն ստեղծված կազմակերպություն, ինչպիսին է ՄԱԿ-ը կամ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը:

Օտարերկրյա ազդեցության այս գործակալները պարտավոր կլինեն եկամուտների տարեկան հայտարարագրեր ներկայացնել։ Օրենքի նախագիծը Վրաստանի արդարադատության նախարարությանը լիազորում է նաև հետաքննել և փաստաթղթեր ստանալ այն կազմակերպություններից, որոնք ըստ նախարարության, օտարերկրյա ազդեցության գործակալներ են: Օրենքը, ամենայն հավանականությամբ, կտարածվի Վրաստանում գործող ոչ կառավարական կազմակերպությունների մեծամասնության, ինչպես նաև լրատվամիջոցների մեծ մասի վրա, այդ թվում՝ OC Media-ի։

«Ժողովրդական իշխանություն»-ից OC Media-ին հայտնել են, որ իրենք նախատեսում են օրինագիծը խորհրդարան ներկայացնել բյուրոյի հաջորդ նիստում: Խումբը նախատեսում է առաջիկա օրերին ներկայացնել ևս մեկ օրինագիծ, որը կապահովի «մեդիա միջավայրում ստի և հայհոյանքի դեմ կանխարգելիչ միջոցառումների ընդունումը»։ «Վրացական երազանքը» դեռ չի հստակեցրել իր դիրքորոշումը օրինագծի վերաբերյալ և չի արձագանքել մեկնաբանության հայտերին։

Սակայն կուսակցության մի քանի պատգամավորներ կողմ են արտահայտվել նախագծին։ Միխեիլ Սարջվելաձեն լրագրողներին ասել է, որ դրանում վատ բան չի տեսնում, իսկ Իրակլի Կադագիշվիլին պատասխանել է, որ «թափանցիկություն պետք է լինի ամենուր և ամեն ինչում»:

Վտանգ՝ Վրաստանի ԵՄ հավակնությունների համար

Օրենքի նախագիծը լայնորեն դատապարտվել է Վրաստանի քաղաքացիական հասարակության կողմից, ինչպես նաև արտերկրում։ Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ և Լիտվայի նախկին վարչապետ Անդրիուս Կուբիլիուսը նախազգուշացրել է, որ օրինագիծը «բացասաբար կանդրադառնա [Վրաստանի] ԵՄ անդամակցության բանակցությունները շուտով սկսելու հեռանկարների վրա»։

Ուկրաինա ռուսական ներխուժումից հետո ԵՄ-ն թեկնածուի կարգավիճակ շնորհեց Ուկրաինային և Մոլդովային՝ հրաժարվելով դա անել Վրաստանի համար: Փոխարենը Վրաստանին տրվեց ինստիտուցիոնալ բարեփոխումների ցանկ, այդ թվում՝ կապված մամուլի ազատության հետ, որոնք երկիրը պետք է իրականացնի նախքան իր դիմումի վերանայումը: Կուբիլիուսը նշել է, որ Վրաստանի կառավարությունը ևս ստացել է արտաքին ֆինանսավորում։

«Այս նախաձեռնությունը նշանակո՞ւմ է արդյոք, որ Վրաստանի իշխանությունները չեն ցանկանա ԵՄ ֆինանսական աջակցություն իր քաղաքացիական հասարակության համար, որն այդքան ակտիվ է Վրաստանում։ Ինչ վերաբերում է Վրաստանի իշխանություններին, որոնք ևս ստանում են ԵՄ աջակցությունն ու միջոցները, իրենք իրենց նույնպե՞ս կհայտարարեն օտարերկրյա գործակալներ»,- ասել է Կուբիլիուսը և հույս հայտնել, որ օրենքի նախագիծն անմիջապես հետ կկանչվի:

Թբիլիսիում գործող դիտորդական կազմակերպություններից մեկը՝ IDFI-ն, ևս մտավախություն է հայտնել, որ խորհրդարանում նման օրենքի քննարկումն անգամ կարող է վտանգի ենթարկել Վրաստանի ԵՄ ձգտումները։ Նա նախագիծն անվանել է «անհամատեղելի ԵՄ իրավական համակարգի և արժեքների հետ»:

2020-ին ԵՄ արդարադատության դատարանը անօրինական է ճանաչել 2017-ին Հունգարիայում ընդունված նմանատիպ օրենքը: Ըստ IDFI կազմակերպության՝ օրենքը ուղղակիորեն կհակասի ԵՄ այն պահանջին, ըստ որի Վրաստանը պետք է «որոշումների կայացման գործընթացներում ապահովի քաղաքացիական հասարակության ներգրավվածությունը»:

Վրաստանի քաղաքականության ինստիտուտը (Georgian Institute of Politics) նույնպես զգուշացրել է, որ օրենքի ընդունումն «արմատական շեղում կլինի Վրաստանի եվրաինտեգրման գործընթացից» և բացասաբար կանդրադառնա եվրոպական կառույցների կողմից Վրաստանին տրամադրվող ֆինանսական աջակցության վրա։

Վրաստանյան «Մեդիա օմբուդսմեն» դիտորդական կազմակերպության տնօրեն Նաթիա Կապանաձեն OC Media-ին ասել է, որ նախագիծը կառավարությունից անկախ մարդկանց ահաբեկելու համար է: Ըստ նրա՝ համոզմունք կա, որ օրինագիծը մշակել է իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը: «Կազմակերպություններին «գործակալներ» անվանելը նշանակում է, որ կառավարությունն ավելի շատ է վախենում մարդկանցից և ՀԿ-ներից, որոնց չի կարող վերահսկել, քան մենք պատկերացնում էինք»,- հավելել է նա։

«Շատ նման ռուսական մոդելին»

Օրինագծի հեղինակները պնդում են, որ այն հիմնված է արևմտյան օրինակների, ներառյալ ԱՄՆ-ի Օտարերկրյա գործակալների գրանցման ակտի (FARA) վրա: Ակտը ԱՄՆ կառավարությունում լոբբինգ իրականացնող անհատներից և կազմակերպություններից պահանջում է բացահայտել արտասահմանյան ֆինանսավորումը: Այնուամենայնիվ, այս օրենսդրությունն առաջ մղելիս գրեթե նույն հռետորաբանությունը կիրառել են ռուս պաշտոնյաները, այդ թվում՝ ռուս պատգամավոր Ալեքսանդր Սիդյակինը, որը Ռուսաստանի օտարերկրյա գործակալների մասին օրենքի հեղինակներից է։

Անդրիուս Կուբիլիուսն այդ քայլը համեմատել է Ռուսաստանի օտարերկրյա գործակալների մասին օրենքի հետ․ «Այնքան վատ բան, որ Ռուսաստանը իրականացնում է այլախոհության և քննադատական ձայները ճնշելու համար։ Մենք բոլորս գիտենք, թե դա ինչպես է ավարտվում ռուսների համար»:

Ավելի քան մեկ տասնամյակ առաջ սկզբնական ընդունումից հետո Ռուսաստանի օտարերկրյա գործակալների մասին օրենքը շատ ավելի խիստ է դարձել՝ էապես սահմանափակելով երկրում կառավարությանը քննադատող որևէ ձայն:

Վրաստանում ներկայում բնակվող ռուս ակտիվիստներից մեկը նախազգուշացրել է, որ Վրաստանը կարող է Ռուսաստանի վտանգավոր հետքերով գնալ: Ակտիվիստը անանունության պայմանով զրուցել է OC Media-ի հետ՝ վախենալով վրացական իշխանությունների կողմից հնարավոր հաշվեհարդարից։

Ըստ նրա՝ Վրաստանի կառավարությունը, ինչպես Ռուսաստանում է, այդ օրենքը կարող է օգտագործել «զատորոշելու անցանկալի անձանց և նրանց օտարերկրյա գործակալի կարգավիճակով պիտակավորելու համար»։ Նա նախազգուշացրել է խարանման մասին, որին կարող է հանգեցնել օրենքը, և որ այն «կզրկի այդպիսի մարդկանց և կազմակերպություններին իրենց իրավունքներից, նրանց հետ ավելի քիչ կհամագործակցեն, նրանց կվերաբերվեն որպես օտարերկրյա գործակալների»։

Ռուս ակտիվիստը նաև ասել է, որ Ռուսաստանում օտարերկրյա գործակալներ համարվողները «չեն կարող պաշտոններ զբաղեցնել կառավարությունում կամ պետական աջակցություն ստանալ դրամաշնորհների տեսքով։ Նրանք չեն կարող մասնակցել նախընտրական քարոզարշավին […] Նրանք չեն կարող աշխատել անչափահասների հետ»: «Սա բռնաճնշումների գործիք է, որը գործադիր իշխանությունը կարող է ստանալ նման օրենքի ընդունման արդյունքում»։

«Մեդիա օմբուդսմեն»-ի տնօրեն Նաթիա Կապանաձեն իր հերթին զգուշացրել է, որ թեև խնդրո առարկա օրինագիծը հիմա պահանջում է ընդամենը «օտարերկրյա ազդեցության գործակալների» գրանցում, ապագա փոփոխությունները կարող են շատ ավելի հեռուն գնալ, ինչպես Ռուսաստանում: Ըստ Կապանաձեի՝ նախագիծը «շատ նման է ռուսական մոդելին»։

«Առաջին իսկ հայացքից պարզ է, որ ժողովրդավարությունից շատ հեռու Ռուսաստանն ունի լրատվամիջոցները և ոչ կառավարական հատվածը վերահսկելու [նույն] մեխանիզմը»,- ասել է նա։

Մեկնաբանել