Ազատ գյուղի զինվորական կացարանում տեղի ունեցած հրդեհի գործով քրեական հետապնդում է հարուցվել զորամասի ինժեներական ծառայության պետի նկատմամբ, հայտնում է դատախազությունը։
Աջակցել մեզՀանրային քրեական հետապնդումը հարուցվել է Քրեական օրենսգրքի 550-րդ հոդվածի 3-րդ մասով (զինվորական պաշտոնեական անփութություն, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ):
«Զորամասի ինժեներական ծառայության պետ Տ.Ղ.-ն, պարտավոր լինելով ժամանակին պահանջել և կազմակերպել նյութական միջոցների ստացումը և ենթականերին հանձնումը, իրեն ենթակա ստորաբաժանումում՝ ՀՀ N զորամասի ինժեներական ծառայության ինժեներասակրավորային վաշտում հսկողություն իրականացնել հակահրդեհային պահանջների կատարման նկատմամբ, պատասխանատու լինելով իրեն ենթակա ստորաբաժանումում հրդեհային անվտանգության պահանջների կատարման համար, իր ծառայողական պարտականությունների կատարման նկատմամբ անբարեխիղճ և անփույթ վերաբերմունքի հետևանքով, հիշյալ պարտականությունները չի կատարել, այդ թվում նաև` հակահրդեհային պաշտպանության համապատասխան միջոցներով ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտն ապահովելու ուղղությամբ: Արդյունքում, անզգուշությամբ առաջացրել է մարդու (մարդկանց) մահ»,- նշում են դատախազությունից։
***
Հունվարի 19-ին Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է 15 զինծառայող, ևս 3 զինծառայող տարբեր աստիճանի այրվածքներով տեղափոխվել են հիվանդանոցներ։
Նախնական վարկածով հրդեհը տեղի է ունեցել ջեռուցման հետ կապված անվտանգության նորմերի խախտման պատճառով։ Մասնավորապես, Զորամասի ինժեներական ծառայության սպան կացարանում վառարանը վառել է ավտոբենզինով, որի հետևանքով կացարանում հրդեհ է բռնկվել: Հակահրդեհային պաշտպանության համապատասխան միջոցների բացակայության պատճառով կացարանում գտնվող զինծառայողների կողմից ոչ միայն հնարավոր չի եղել այն մարել, այլ նաև պահեստային ելքի բացակայության պայմաններում կոտրել կացարանի պատուհաններին ամրացված երկաթյա ճաղավանդակները և դուրս գալ այնտեղից:
Դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակում հանրային քրեական հետապնդում է հարուցվել զորամասի թիկունքի պետի (կալանավորված է), զորամասի կոմունալ շահագործման ծառայության պետ, զորամասի հակահրդեհային պաշտպանության և փրկարար աշխատանքների ծառայության պետի և ինժեներական ծառայության սպայի, որը ավտոբենզինով վառել էր վառարանը։