ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափը պատմության աղբանոց է նետվել․ Զախարովա

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան նշում է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափը պատմության աղբանոց է նետվել։

«Եթե որևէ մեկը խաթարել է հայ-ադրբեջանական կարգավորման ջանքերը, ապա դա արևմտյան երկրներն են՝ ԱՄՆ-ի գլխավորությամբ։ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափը պատմության աղբանոց է նետվել այն բանից հետո, երբ ամերիկացի և ֆրանսիացի համանախագահները 2022-ի փետրվարին մտացածին պատրվակով դադարեցրել են փոխգործակցությունը ռուս գործընկերոջ հետ։ Հստակ բացատրություն չկար, թե ինչու»,- հայտարարել է նա։

Հաշվի առնելով այս ամենը, ըստ Զախարովայի՝ ՌԴ-ն որոշել է եռակողմ (Ռուսաստան, Հայաստան, Ադրբեջան) ձևաչափով Երևանին և Բաքվին օգնություն տրամադրել։

Մարիա Զախարովան նաև անդրադարձել է փետրվարի վերջին Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի՝ Բաքու հնարավոր այցի հարցին․ «Նման այց մշակվում է»,- ասել է նա։

***

2022-ի ապրիլին պաշտոնական Մոսկվան հայտարարել էր, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ՌԴ համանախագահ Իգոր Խովաևն իր աշխատանքը կշարունակի նոր կարգավիճակով՝ որպես Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչ։ Դրանից առաջ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, խոսելով Մինսկի խմբի ճակատագրի մասին, ասել էր․ «Ֆրանսիան և ԱՄՆ-ը, ձգտելով ամեն ինչ չեղարկել ՌԴ-ի հետ, չեղարկել են նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների եռյակի աշխատանքները՝ հայտարարելով, որ այդ ձևաչափով չեն շփվի (Ռուսաստանի հետ – խմբ.)»։

2022-ի նոյեմբերին ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահ, Կովկասի բանակցությունների հարցերով ԱՄՆ պետքարտուղարի ավագ խորհրդական Ֆիլիպ Ռիքերը ևս հայտարարել էր, որ Մինսկի խմբի մեխանիզմն այլևս չի գործում, և Միացյալ Նահանգները Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմանը մասնակցում է երկու երկրների հետ անմիջական փոխգործակցության միջոցով։

Մեկնաբանել