Փաշինյան-Ալիև-Բլինքեն հանդիպմանը քննարկվել է խաղաղության պայմանագրի հարցը

Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը, հայտնում են վարչապետի աշխատակազմից։

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ աշխատանքների ընթացքին, ինչպես նաև տարածաշրջանային տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակմանն ու երկու երկրների միջև դելիմիտացիայի իրականացմանը` համաձայն Պրահայում ձեռք բերված պայմանավորվածության:

«Վարչապետ Փաշինյանը վերահաստատել է հայկական կողմի նպատակամղվածությունը` հասնելու այնպիսի պայմանագրի ստորագրմանը, որն իսկապես կերաշխավորի տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղությունն ու կայունությունը: Միաժամանակ, Նիկոլ Փաշինյանն ընդգծել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման ու դրա հետևանքով ԼՂ-ում առաջացած հումանիտար, բնապահպանական և էներգետիկ ճգնաժամի փաստը»,- ասված է հաղորդագրությունում։

Կողմերը կարևորել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի շարունակականության ապահովումը:

ԱՄՆ պետդեպարտամենտի փոխանցմամբ՝ Էնթոնի Բլինքենը Փաշինյանի և Ալիևի հետ հանդիպումից առաջ հայտարարել է․ «Մենք հավատում ենք, որ Հայաստանն ու Ադրբեջանն ավելի քան 30 տարվա հակամարտությունից հետո իրական պատմական հնարավորություն ունեն ապահովելու կայուն խաղաղություն: Կողմերն իրենք են վերականգնել ուշադրությունը խաղաղության գործընթացի վրա, այդ թվում՝ ուղիղ զրույցի, ինչպես նաև ԵՄ-ի և մեզ հետ: Միացյալ Նահանգները հավատարիմ է ամեն ինչ անել այս ջանքերին աջակցելու համար՝ լինի դա ուղղակիորեն մեր ընկերների հետ, լինի դա եռակողմ ձևաչափով, ինչպիսին սա է, թե միջազգային այլ գործընկերների հետ»,- ասել է նա։

Փաշինյանը և Ալիևն այսօր Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում մասնակցելու են նաև Հարավային Կովկասի հարցերով պանելային քննարկման։

Մեկնաբանել