ՊՆ «Ուազ»-ը գլորվել է ձորը, զոհվել է երկու պայմանագրային զինծառայող

ՊՆ «Ուազ»-ը գլորվել է ձորը, ինչի հետևանքով զոհվել է երկու պայմանագրային զինծառայող։ Եվս երկու զինծառայող վնասվածքներով տեղափոխվել են հոսպիտալ։

«Փետրվարի 19-ին՝ ժամը 19:40-ի սահմաններում, Խնածախ գյուղի մոտակայքում ձնահյուսի պատճառով ՊՆ «Ուազ» մակնիշի ավտոմեքենան գլորվել է ձորը, ինչի հետևանքով մահացել են պայմանագրային զինծառայողներ Զորանդ Հրանտի Արզումանյանը և Զորակ Սամվելի Երանոսյանը»,- ասված է պաշտպանության նախարարության հաղորդագրությունում։

Եվս 2 զինծառայողներ տարբեր վնասվածքներով տեղափոխվել են կայազորային հոսպիտալ. վնասվածքներ ստացած զինծառայողների վիճակը գնահատվում է բավարար, նրանց կյանքին վտանգ չի սպառնում:

«Մեքենայի անձնակազմը, եղանակային չափազանց վատ պայմաններում փորձելով ստորաբաժանման մյուս զինծառայողներին օգնության հասնել, խնդիրը կատարելու համար ցուցաբերել է անձնուրացություն: Ցավոք սրտի, դժբախտ պատահարի հետևանքով վերոհիշյալ զինծառայողները մահացել են»,- նշում են պաշտպանական գերատեսչությունից։

Փետրվարի 19-ին զինծառայողի մահվան ևս մեկ դեպք էր գրանցվել։ ՊՆ-ից հայտնել էին, որ զորամասի պահպանության տեղամասում զինծառայող, շարքային Հայկ Արամի Պետրոսյանը դեռևս չպարզված հանգամանքներում ստացել է հրազենային մահացու վիրավորում։

Մեկնաբանել