Փետրվարի 19-ին զինծառայողի մահվան դեպքի առթիվ քննչական կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ: Ըստ նախնական տվյալների, զինծառայողը մահացել է իրեն ամրակցված ինքնաձիգից գլխի շրջանում մենահատ կրակոցից ստացած վնասվածքի հետևանքով։
«ՀՀ ՊՆ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող Հ.Պ.-ն՝ ծնված 2004թ-ին, զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքի տարածքում, նույն օրը՝ ժամը 12։45-ի սահմաններում, հայտնաբերվել է գլխի շրջանի հրազենային վիրավորումով։ Վերջինս մահացած վիճակում ընդունվել է Իջևանի բժշկական կենտրոն։ Ըստ նախնական տվյալների, Հ.Պ.-ն մահացել է իրեն ամրակցված ինքնաձիգից գլխի շրջանին արձակված մենահատ կրակոցից ստացած վնասվածքի հետևանքով»,- ասված է հաղորդագրությունում։
ՔԿ-ից նշում են, որ նախաքննություն է իրականացվում։ Կատարվել է դեպքի վայրի զննություն, հարցաքննվել են մի շարք զինծառայողներ։ Քրեական վարույթի շրջանակում նշանակվել է դիակի դատաբժշկական, ձգաբանական և այլ փորձաքննություններ։
«Ձեռնարկվում են անհրաժեշտ բոլոր միջոցները՝ զինծառայողի մահվան հանգամանքները, այդ թվում նաև դեպքին նախորդող շրջանում զինծառայողների շրջանում ոչ կանոնադրային հարաբերության հնարավոր դրսևորումների առկայությունը պարզելու ուղղությամբ»,- տեղեկացնում է կոմիտեն։
Ավելի վաղ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ փետրվարի 19-ին զորամասերից մեկի պահպանության տեղամասում զինծառայող, շարքային Հայկ Արամի Պետրոսյանը ստացել է հրազենային մահացու վիրավորում։