Մինսկի խումբը չի լուծարվել․ Ֆրանսիայի դեսպան

Մինսկի խումբը չի լուծարվել, այն դեռ գոյություն ունի, ՍիվիլՆեթի հետ զրույցում ասել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոն։

«Մինսկի խումբը, որքանով ես տեղյակ եմ, չի լուծարվել, այն դեռ գոյություն ունի։ Այն չի գործում համատեղ, երեք համանախագահներն այլևս չեն աշխատում միասին։ Դա սակայն մեր մեղքով չէ, մենք չենք վերջ դրել համանախագահության համատեղ աշխատանքին»,- հայտարարել է նա։

Դեսպանի խոսքով՝ Ֆրանսիան պահպանել է Մինսկի խմբի սկզբնական նպատակը։ Նա նշում է, որ ֆրանսիացի համանախագահը, որը նաև հատուկ հարցերով բանագնաց է Հարավային Կովկասում, սերտ համագործակցում է ամերիկացի գործընկերոջ հետ, ինչպես նաև ԵՄ հատուկ հարցերով բանագնացի հետ․ «ԵԱՀԿ-ի շրջանակում նախատեսված արդյունավետ գործունեությունն այլևս հնարավոր չէ, սակայն առաքելությունը կա և մնում է»,- նշում է նա։

«Մեզ համար՝ որպես Մինսկի խմբի համանախագահ, մեր առաքելությունը միշտ գոյություն ունի, ինչը նշանակում է շարունակել աշխատել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործընթացի, ինչպես նաև ԼՂ բնակիչների կարգավիճակի ուղղությամբ։ Այս առաքելությունը դեռ գոյություն ունի, մնում այն ճիշտ կերպով շարունակել»,- ասել է Անն Լույոն։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

2022-ի ապրիլին պաշտոնական Մոսկվան հայտարարել էր, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ՌԴ համանախագահ Իգոր Խովաևն իր աշխատանքը կշարունակի նոր կարգավիճակով՝ որպես Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչ։ Դրանից առաջ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, խոսելով Մինսկի խմբի ճակատագրի մասին, ասել էր․ «Ֆրանսիան և ԱՄՆ-ը, ձգտելով ամեն ինչ չեղարկել ՌԴ-ի հետ, չեղարկել են նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների եռյակի աշխատանքները՝ հայտարարելով, որ այդ ձևաչափով չեն շփվի (Ռուսաստանի հետ – խմբ.)»։

2022-ի նոյեմբերին ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահ, Կովկասի բանակցությունների հարցերով ԱՄՆ պետքարտուղարի ավագ խորհրդական Ֆիլիպ Ռիքերը ևս հայտարարել էր, որ Մինսկի խմբի մեխանիզմն այլևս չի գործում, և Միացյալ Նահանգները Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմանը մասնակցում է երկու երկրների հետ անմիջական փոխգործակցության միջոցով։

Մեկնաբանել