Հայաստան ուղարկված ԵՄ առաքելությունը ոչ մեկի դեմ ուղղված չէ․ Ֆրանսիայի դեսպան

Հայաստան ուղարկված ԵՄ առաքելությունը ոչ մեկի դեմ ուղղված չէ, ՍիվիլՆեթի հետ զրույցում հայտարարել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անն Լույոն՝ անդրադառնալով առաքելության վերաբերյալ ռուսական և ադրբեջանական արձագանքներին։

«Դրա միակ նպատակը խաղաղության և կայունության հաստատումն է այս տարածաշրջանում, այն այլ նպատակ չի հետապնդում»,- ասել է դեսպանը։

Նրա խոսքով՝ առաքելությունը Հայաստանի ինքնիշխան տարածքում է և այստեղ է Հայաստանի հրավերով․«Ամեն ինչ օրինական է, առաքելությունը քաղաքացիական բնույթ է կրում և կգործի խաղաղության վերականգնման համար՝ հաջակցություն բոլոր մյուս նախաձեռնությունների, որոնք կարող են ձեռնարկվել միջազգային մյուս դերակատարների կողմից՝ ի նպաստ Հարավային Կովկասում կայունության»։

Եվրախորհրդարանի ֆրանսիացի պատգամավոր Նատալի Լուազոն ՍիվիլՆեթի հետ զրույցում ասել էր, որ ԵՄ դիտորդների թվում կլինեն ֆրանսիացի ժանդարմներ։ Դեսպան Անն Լույոն պարզաբանում է՝ ժանդարմները չեն տարբերվելու քաղաքացիական առաքելության մյուս դիտորդներից։

«Սա Եվրամիության առաքելությունն է՝ բազմաթիվ անդամ պետությունների մասնակցությամբ։ Ֆրանսիան շատ ուրախ է մասնակցել այս առաքելությանը, ինչպես մնացած անդամ պետությունները։ Այսպիսով ֆրանսիացի դիտորդները կունենան հենց նույն առաքելությունը և առաջադրանքները, ինչ քաղաքացիական առաքելության այլ դիտորդները»,- ասել է Լույոն։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Հունվարի 23-ին Եվրամիության նախարարների խորհուրդում համաձայնություն է ձեռք բերվել Հայաստան ԵՄ քաղաքացիական առաքելություն ուղարկելու վերաբերյալ։ Առաքելության նպատակը Հայաստանի սահմանամերձ շրջաններում կայունություն ապահովելն է և Հայաստանի ու Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմանն ուղղված ԵՄ ջանքերին նպաստող միջավայր ստեղծելը։ ԵՄ առաքելությունը, որի կազմում լինելու է 100 դիտորդ, նախնական լինելու է երկու տարի ժամկետով։

Մեկնաբանել