Նուլանդն ու Դավութօղլուն Ստամբուլում քննարկել են սիրիական ճգնաժամը

Երեկ ԱՄՆ-ի Պետդեպի խոսնակ Վիկտորիա Նուլանդը և Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն Ստամբուլում հանդիպել են՝ քննարկելու Սիրիային վերաբերող մի շարք հարցեր, հաղորդում է Anadolu գործակալությունը:

«Այսօր Դավութօղլուի հետ մենք խոսել ենք այն մասին, որ պետք է ամեն ինչ անենք` աջակցելու սիրիացի ընդդիմադիրներին և փախստականներին, ինչպես նաև խոսել ենք Ասադի վարչակարգի տապալմանը հաջորդող հնարավոր զարգացումների մասին»,- ասել է Նուլանդը` հանդիպումից հետո պատասխանելով լրագրողների հարցերին:

Հարցին, թե հնարավոր է, որ Սիրիայում քիմիական զենք կիրառվի, Նուլանդն ասել է. «Մենք դեռ չգիտենք, թե ուր կարող են հասնել դեպքերի զարգացումները, բայց վստահեցնում եմ, որ մեր երկու երկրները՝ ԱՄՆ-ն ու Թուրքիան, ամեն ինչ անում են նման աղետը կանխելու համար»:

Միաժամանակ` Նուլանդը նշել է, որ իրենք պետք է հստակ ծրագրեր մշակեն Ասադի վարչակարգի տապալմանը հաջորդող ժամանակվա համար: «Երբ այդ օրը գա, մենք պետք է խոսենք կառավարական փոփոխությունների, ինչպես նաև սիրիացի ժողովրդին աջակցելու մասին: Դավութօղլուի հետ մենք նաև խոսեցինք Սիրիայում ապրող քրդերի մասին, որոնք ևս ցանկանում են ապագայում խաղաղ և ժողովրդավարական երկիր ստեղծելու հարցում կարևոր դեր խաղալ»,- հավելել է Նուլանդը:

Մեկնաբանել