Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբն ուղևորվում է Արցախ

Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը նոր համերգաշրջան է սկսում: Նվագախմբի մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն` առաջին համերգը կկայանա Ստեփանակերտում և նվիրված կլինի Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը:

Օգոստոսի 27-ին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում նվագախումբը հանդես կգա Արցախի պետական երգչախմբի ընկերակցությամբ: Համերգին ելույթ կունենան սոպրանոներ Մերի Մովսիսյանը, Մարիաննա Մարտիրոսյանը և բարիտոն Գևորգ Հակոբյանը:

Ծրագրում ընդգրկված են Բեռլիոզի, Ռախմանինովի, Պուչինի, Ռավելի, Հենդելի, Արմեն Տիգրանյանի և Արամ Խաչատրյանի ստեղծագործություններից, կհնչեն նաև հատվածներ նվագախմբի Hollywood non stop ծրագրից, այդ թվում` Էնիո Մորիկոնեի և Ջոն Ուիլյամսի երաժշտությունը «Մի անգամ Ամերիկայում» և «Շինդլերի ցուցակը» ֆիլմերից: