Կադիրովը ծրագրում է մասնավոր ռազմական ընկերություն ստեղծել

Ռամզան Կադիրովը (աջից) և Եվգենի Պրիգոժինը։

Շոթա Կինչա, OC Media

Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը կիրակի հայտարարել է, որ մտադիր է մասնավոր ռազմական ընկերություն հիմնել՝ ռազմականացված «Վագներ խմբին» մրցակից լինելու համար։

Սոցցանցում արված գրառմամբ Կադիրովը պնդել է, որ «Վագներ խմբի» մասնակցությունը Ռուսաստանի Ուկրաինա ներխուժմանը ապացուցել է մասնավոր ռազմական ընկերությունների «անհրաժեշտությունը», և որ ինքը, հետևաբար, «լրջորեն ծրագրում է մրցակցություն ստեղծել» «Վագների» հիմնադիր Եվգենի Պրիգոժինի համար իր` քաղաքականությունից հեռանալուց հետո:

«Վագներ խումբը» ռուսական մասնավոր ռազմականացված կազմակերպություն է, որը մեղադրվում է «մարդու իրավունքների համատարած խախտումների» մեջ, այդ թվում՝ զանգվածային մահապատիժների, երեխաների առևանգումների և խոշտանգումների:

Պրիգոժինի հետ իր լուսանկարին կից գրառմամբ Կադիրովը բարձր է գնահատել «Վագների» «հաջողությունը» Ուկրաինա Ռուսաստանի շարունակվող ներխուժման մեջ և նրանց «սերտ համագործակցությունը» Չեչնիայի հատուկ ջոկատայինների հետ։

«Կարելի է կարծել, թե «Վագներ խումբը» պարզապես մասնավոր ընկերություն է, սակայն նրան հաջողվել է հասնել շատ տպավորիչ արդյունքների,- գրել է Կադիրովը։- Վագներն իր նպատակներին հասնում է ցանկացած իրավիճակում».

Նա նշել է, որ կազմակերպության դերը Ռուսաստանի կողմից Ուկրաինա ներխուժելու հարցում վերջակետ է դրել այն բանավեճերին, թե արդյոք երկրին անհրաժեշտ են մասնավոր ռազմական ընկերություններ:

Կադիրովի գովասանքը ռազմականացված խմբի հասցեին հնչում են մեկ օր անց այն բանից հետո, երբ ԱՄՆ-ում գործող Պատերազմի ուսումնասիրման ինստիտուտը հայտնեց, որ Չեչնիայի առաջնորդը հրաժարվել է աջակցել Պրիգոժինին Ռուսաստանի պաշտպանության նախարարության դեմ «արշավում»:

Պատերազմի ուսումնասիրման ինստիտուտը, որն ամեն օր ուկրաինական պատերազմի մասին զեկույցներ է հրապարակում, փետրվարի 17-ին նշել է, որ Պրիգոժինը 2022-ի հոկտեմբերին օգտագործել է Ռուսաստանի զինվորական ղեկավարության հասցեին Կադիրովի քննադատությունը, սակայն ենթադրել է, որ Կադիրովը, կարծես, հրաժարվել է միանալ նրանց դեմ Պրիգոժինի տեղեկատվական հարձակմանը։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ սերտ կապեր ունեցող գործարար Պրիգոժինը, ըստ պնդումների, «Վագներ խումբը» ստեղծել է 2014-ին: Ռազմականացված խումբը ռազմական գործողությունների է մասնակցել Սիրիայում, Կենտրոնաֆրիկյան Հանրապետությունում, Մալիում և Ուկրաինայում ու հայտնի է նրանով, որ ծանր հանցագործություններով դատապարտված բանտարկյալների է հավաքագրում նրանց ազատության դիմաց։

Մեկնաբանել