Իրանը հայտարարել է Թեհրանում 3+3 ձևաչափով հանդիպում կազմակերպելու պատրաստակամության մասին

Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանը հայտարարել է Թեհրանում 3+3 ձևաչափով (Ռուսաստան, Թուրքիա, Իրան և Հայաստան, Ադրբեջան, Վրաստան) հանդիպում կազմակերպելու պատրաստակամության մասին։

Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության փոխանցմամբ՝ Իրանի ԱԳՆ ղեկավարն այդ մասին ասել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Ալեքսանդր Գրուշկոյի հետ հանդիպմանը։

«Իրանի արտաքին գործերի նախարարն ընդգծել է տարածաշրջանային համագործակցության անհրաժեշտությունը և հայտարարել Թեհրանում 3+3 ձևաչափի անդամ երկրների արտգործնախարարների հանդիպում անցկացնելու պատրաստակամության մասին»,- ասված է հաղորդագրությունում։

***

2020-ի ղարաբաղյան պատերազմի ավարտից հետո տարածաշրջանի վեց երկրների մասնակցությամբ համագործակցության հարթակ ստեղծելու գաղափարով հանդես է եկել Թուրքիան։ Այդ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Բաքվում 2020-ի դեկտեմբերի 11-ին հայտարարել էր «Վեցի հարթակ» ստեղծելու մասին։ Ներկայում գործընթացում ակտիվորեն ներգրավված է Ռուսաստանը։

2021-ի դեկտեմբերի 10-ին Մոսկվայում կայացել էր 3+3 կամ 3+2 ձևաչափով նախանիստ, որին Հայաստանը մասնակցել էր արտաքին գործերի նախարարի տեղակալի կարգավիճակով։

Մեկնաբանել