Գրիգորի Խաչատուրովը ձերբակալվել է

Երրորդ բանակային կորպուսի նախկին հրամանատար Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել, նա ձերբակալվել է։ Այդ մասին հայտնում է ՀՀ գլխավոր դատախազությունը։

«Փետրվարի 20-ին հսկող դատախազին միջնորդություն է ներկայացվել 2006-2010 թվականներին ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատարի պաշտոնը զբաղեցրած Գ.Խ.-ի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ՝ պաշտոնեական դիրքի օգտագործմամբ հանցավոր ճանապարհով ձեռք բերված առանձնապես խոշոր չափերով անշարժ գույքն օրինականացնելու (փողերի լվացում) համար. միջնորդությունը հսկող դատախազի կողմից բավարարվել է: Նույն օրը մեղադրանք է ներկայացվել Գ.Խ.-ին. վերջինս ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 111-րդ հոդվածով սահմանված հիմքով, այն է՝ ազատության մեջ գտնվող մեղադրյալին դատարան ներկայացնելու համար, ձերբակալվել է»,- ասված է հաղորդագրությունում։

Ըստ մամուլի հրապարակումների՝ Խաչատուրովի նկատմամբ հարուցված հետապնդումը կապված է պաշտպանության նախկին նախարար, «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի մեղադրանքի հետ։

Գլխավոր դատախազը Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու մասին երեք միջնորդություն էր ներկայացրել։ Միջնորդություններից առաջինը վերաբերում է զորամասի գույքի վաճառքին։

«Սեյրան Օհանյանը հանձնարարել է կադաստրային արժեքից անհամեմատ էժան գնով օտարել ՊՆ-ին անհատույց տրամադրած հատուկ նշանակության «Երասխ 1» տարածքն ու շինությունները։ Չբացահայտելով իրական գնորդին՝ ՊՆ ներկայացուցչի ու ՊՆ-ի N զորամասի հրամանատար Գրիգորի Խաչատուրովի հետ կնքվել է առուվաճառքի պայմանագիր, որի համաձայն Արարատի մարզի 2,6 կադաստրային արժեքով հողը և դրա վրա առկա 8,8 մլն արժեքով շինությունները՝ զորամասի շտաբը, զորամասն ու ընդհանուր մակերեսով շինությունը, անհամեմատ էժան գնով՝ ընդամենը 4 մլն դրամով փաստացի վաճառվել է Գրիգորի Խաչատուրովին»,- ԱԺ-ում Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու միջնորդությունը ներկայացնելու ժամանակ հայտարարել էր գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը։

Դատախազը նշել էր, որ Խաչատուրովը երկու անգամ՝ 2009-ին և 2016-ին, այս անշարժ գույքը գրավադրել է բանկում և ստացել առանձնապես խոշոր չափերով գումար։

***

Գրիգորի Խաչատուրովը զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովի որդին է։ 2019-ի սեպտեմբերի 20-ին նախագահի հրամանագրով Գրիգորի Խաչատուրովին շնորհվել էր գեներալ-մայորի կոչում։

Գրիգոր Խաչատուրովը գլխավոր շտաբի 2021-ի փետրվարի 25-ի հայտարարությանը միացած բարձրաստիճան զինվորականներից մեկն էր։ Այդ հայտարարությամբ Զինված ուժերի գլխավոր շտաբը պահանջում էր վարչապետի և կառավարության հրաժարականը։

2021-ի հուլիսի 8-ին Գրիգորի Խաչատուրովն ազատվել էր 3-րդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից։

Մեկնաբանել