Պաշտպանության փոխնախարարն ընդունել է ԵՄ առաքելության ղեկավարությանը

Փետրվարի 21-ին պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանն ընդունել է ԵՄ արտաքին գործողությունների ծառայության քաղաքացիական գործողությունների հրամանատար Ստեֆանո Տոմատի գլխավորած պատվիրակությանը։ Պատվիրակության կազմում էր նաև Հայաստանում ԵՄ մոնիտորինգի առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը։

ՀՀ պաշտպանության նախարարության հաղորդագրության համաձայն՝ հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում ԵՄ մոնիտորինգի առաքելության գործունեությանն առնչվող հարցեր։

«Երկուստեք կարևորվել է առաքելության դերը սահմանային կայունության և անվտանգության ամրապնդման գործում»,- նշված է հաղորդագրության մեջ։

***

Հունվարի 23-ին Եվրամիության նախարարների խորհուրդում համաձայնություն է ձեռք բերվել Հայաստան ԵՄ քաղաքացիական առաքելություն ուղարկելու վերաբերյալ։ Առաքելությունը մեկնարկել է փետրվարի 20-ին։

ԵՄ առաքելության նպատակը Հայաստանի սահմանամերձ շրջաններում կայունություն ապահովելն է և Հայաստանի ու Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմանն ուղղված ԵՄ ջանքերին նպաստող միջավայր ստեղծելը։ ԵՄ առաքելությունը, որի կազմում լինելու է 100 դիտորդ, նախնական լինելու է երկու տարի ժամկետով։

Մեկնաբանել