Փաշինյանն ընդունել է ԵՄ առաքելության ղեկավարությանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրոպական միության արտաքին գործողությունների ծառայության քաղաքացիական գործողությունների հրամանատար Ստեֆանո Տոմատին և նրա գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էր նաև Հայաստանում ԵՄ նոր մշտադիտարկման առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը:

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել ԵՄ քաղաքացիական մշտադիտարկման առաքելությանը վերաբերող հարցերի և համագործակցության օրակարգի շուրջ:

Վարչապետի աշխատակազմի հաղորդագրության համաձայն՝ Փաշինյանն ընդգծել է, որ Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելությունը նպաստ կբերի տարածաշրջանային կայունության ու խաղաղության ապահովմանը:

ԵՄ քաղաքացիական գործողությունների հրամանատարը երախտագիտություն է հայտնել հայկական կողմին՝ առաքելությանը ցուցաբերած օժանդակության համար և անդրադարձել Հայաստանում իրականացվելիք աշխատանքներին:

***

Հունվարի 23-ին Եվրամիության նախարարների խորհուրդում համաձայնություն է ձեռք բերվել Հայաստան ԵՄ քաղաքացիական առաքելություն ուղարկելու վերաբերյալ։ Առաքելությունը մեկնարկել է փետրվարի 20-ին։

ԵՄ առաքելության նպատակը Հայաստանի սահմանամերձ շրջաններում կայունություն ապահովելն է և Հայաստանի ու Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմանն ուղղված ԵՄ ջանքերին նպաստող միջավայր ստեղծելը։ ԵՄ առաքելությունը, որի կազմում լինելու է 100 դիտորդ, նախնական լինելու է երկու տարի ժամկետով։

Մեկնաբանել