Ալավերդի ԲԿ-ում ծնված նորածնի մահից հետո՝ բազմաթիվ հարցեր

Հունվարի 10-ին Ալավերդու բժշկական կենտրոնի ծննդատանը ծնված և հունվարի 17-ին «Մուրացան» համալսարանական հիվանդանոցում մահացած նորածնի մահվան պատճառը, ըստ մահվան պատմագրի, եղել է բնածին թոքաբորբը, վաղ ներարգանդային սեպսիսը և աղիների մեռուկացումը:

Առողջապահության նախարարի հրամաններով սահմանված չափորոշիչներով՝ տարածաշրջանային բժշկական հիմնարկների մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքներում (նախկին շրջանային կենտրոնական հիվանդանոցներ) կարող են բուժօգնություն ստանալ նորմալ հղիություն տանող և բարձր ռիսկի առաջին և երկրորդ կեսարյան հատման ցուցում ունեցող հղիները: Նորմալ համարվում է 38-41 շաբաթական ժամկետում բնական ուղիներով, առանց միջամտության ընթացող ծննդաբերությունը: Բարձր ռիսկի հղիների երրորդ կեսարյան հատման ցուցում ունեցող հղիները նախարարի հրամանով պետք է կեսարյան հատման ենթարկվեն Երևանի՝ երրորդ կարգի մասնագիտացված ծննդօգնության բժշկական հիմնարկներում:

Հունվարի 10-ին Ալավերդու բժշկական կենտրոնի ծննդատանը բարձր ռիսկի երրորդ կեսարյան հատման է ենթարկվել Սաթենիկ Ափոյանը: Սաթենիկը երեք երեխաների մայր է, որոնցից երկուսը հաջողությամբ ծնվել են Հանրապետական հիվանդանոցի գինեկոլոգ Արարատ Դանիելյանի կեսարյան հատումներով: Սաթենիկը հունվարի 9-ի կեսգիշերին երեխայի կտրուկ շարժ ու որովայնում սուր ցավ է զգացել: Ամուսինը նրան շտապ տեղափոխել է Ալավերդու ԲԿ-ի ծննդատուն:

«Եթե խնդիր կա, ես պատրաստ եմ կնոջս հենց հիմա Երևան տեղափոխելու»,- ծննդատան գինեկոլոգ Արամ Ազիզյանին ասել է Էդիկ Սիմոնյանը: Բժիշկը պատասխանել է, թե սպասում է կնոջ շաքարի անալիզի պատասխանին․ եթե շաքարը նորմայից բարձր լինի, այդ դեպքում կարող է երեխան շնչառական խնդիր ունենալ: Ալավերդու բժշկական կենտրոնը չունի մանկական վերակենդանացման բաժանմունք, վերակենդանացման սարքավորումներ և մանկաբույժ-ռեանիմատոլոգ, սակայն Ազիզյանը կատարել է մոր և երեխայի համար ռիսկային երրորդ կեսարյան հատումը: Սաթենիկի խոսքով՝ Ազիզյանը վիրահատությունից առաջ իրեն բացատրել է, թե արգանդի պատերը բարակել են, և քանի որ պտուղը մեծ է, իրեն պետք է վիրահատեն: Այսուհանդերձ, մոր վեցերորդ հղիությունից հեստացիոն ժամկետում հունվարի 10-ին ծնվել է 2կգ 950գր քաշով և 51սմ հասակով Ադամ Էդիկի Սիմոնյանը: Ծնվելուց կարճ ժամանակ անց 36-շաբաթական, անհաս նորածնի մոտ Ալավերդու ԲԿ-ի ծննդատանը ախտորոշվել է բնածին թոքաբորբ: Ժամեր անց երեխան ռեանիմոբիլով տեղափոխվել է «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի մանկական և նորածնային վերակենդանացման բաժանմունք:

Տեղափոխման յոթերորդ օրը՝ հունվարի 17-ին, նորածինը բաժանմունքում մահացել է: «Իմ երեխան ծնվելուց հետո նորածնին բնորոշ ռեֆլեքսներին պատասխանել է 100 տոկոսով»,- ասել է հայրը: Ի դեպ ծնվելուց անմիջապես հետո երեխան, ըստ Ապգարի սանդղակի, գնահատվել է 7/8 բալ: Նորման 7/10 է: Էդիկ Սիմոնյանի խոսքով՝ Ալավերդու ծննդատանը իրեն բացատրել են, որ երեխան ժամանակից շուտ է ծնվել, այդ պատճառով է ծանր շնչում և հավատացրել են, որ դա նորմալ երևույթ է:«Ոչ Ալավերդու Բկ-ում, ոչ էլ Մուրացան հ/հ-ում մեզ չեն հայտնել երեխայի կյանքի սպառնալիքի մասին»,- պատմել են Էդիկը և Սաթենիկը:

Նորածնի հայրը սեփական հետաքննական հարցերն է բարձրացնում

Հունվարի 17-ի առավոտյան երկու անգամ՝ ժամը 9:30-ին և 10:30-ին, փակ հեռախոսահամարից զանգ է ստացել Էդիկ Սիմոնյանը։ Նա այդ զանգերը նկատել է 10:30-ին և քանի որ զանգը փակ հեռախոսահամարից էր, չի կարողացել հետ զանգահարել: Երեխայի մահվան լուրը հայրը իմացել է Մուրացան հ/հ-ից նույն օրը՝ ժամը 16։30-ին, այն դեպքում, երբ փոքրիկի բիոլոգիական մահը գրանցվել է առավոտյան ժամը 07:50-ին:

«Քրոջս աղջիկը 16:30-ին հիվանդանոցում էր, զանգահարեցի նրան՝ երեխայից տեղեկություն իմանալու, ինձ պատասխանեց երեխայի մանկաբույժ Թերեզա Աթյանը: Ասաց, որ առավոտյան փակ հեռախոսահամարից ինձ զանգահարողը ինքն է եղել: Հետո հաղորդեց երեխայի մահվան լուրը: «Ինչո՞ւ են փակ հեռախոսահամարից զանգել ինձ»,- հարցադրում է անում Էդիկ Սիմոնյանը։

«Այդ ծանր պահին ինձ հարցնում էր՝ երեխայի դիակը վերցնելո՞ւ եմ, թե՝ ոչ, շատ զայրացա: Ո՞ր իրավունքով են առանց ինձ տեղյակ պահելու իմ երեխային տարել դիահերձարան»,- ասում է Էդիկը: Վերջինիս խոսքով՝ Մուրացան հ/հ-ից երեխայի մահվան մասին ընդհանրապես չեն հայտնել ոստիկանությանը, 11,5 ժամ հետո ինքն է դիմել ոստիկանություն:

Հունվարի 10-ին, 11-ին և 15-ին Մուրացան հ/հ մանկական և նորածնային վերակենդանացման բաժանմունքում բուժող բժշկուհին Էդիկ Սիմոնյանին չի թույլատրել տեսնել որդուն:

Հիվանդանոցում երեխայի համար երկու անգամ պլազմա են պահանջել, երկրորդ անգամ կրկնակի չափով, որը շատ արագ փոխանցվել է բժշկուհուն: Հունվարի 15-ին բժշկուհի Թերեզա Աթյանը նորածնի հորը հայտնել է, թե վիրահատական միջամտության հետ կապված խնդիրը կրկնակի ռենտգենոգրաֆիայից հետո հերքվել է:

«Ինչո՞ւ այդ վիրահատության մասին ինձ չեն հայտնել»,- վրդովվում է հայրը: Էդիկ Սիմոնյանը շատ հարցեր ունի, և դրանց մասին հայտնել է նաև քննիչին տված իր ցուցմունքում:

Թերեզա Աթյանի հետ զրուցել չհաջողվեց

Հունվարի 24-ին Մուրացան հ/հ-ի մանկական և նորածնային վերակենդանացման կլինիկայի առաջին հարկում անվտանգության աշխատակիցը տեղեկացրեց, որ մանկաբույժ Թերեզա Աթյանին կարող եմ հանդիպել միայն Երևանի պետական բժշկական համալսարանի աշխատակազմի ղեկավար Շուշանիկ Դանիելյանի թույլտվությամբ: Շուշանիկ Դանիելյանը չթույլատրեց ինձ զրուցել մանկաբույժ Թերեզա Աթյանի հետ, սակայն տվեց տեղեկանք՝ նորածնի առողջական վիճակի մասին։

«Տեղեկացնում ենք, որ Ալավերդու ծննդատանը կեսարյան հատման ճանապարհով 36-շաբաթական հեստացիոն ժամկետում ծնված նորածինը գնահատվել է ծանր՝ պայմանավորված շնչական անբավարարությամբ՝ 2-3-րդ աստիճանի բնածին թոքաբորբով: Ընդունման պահին երեխայի որովայնը եղել է փքված»,- հայտնում է տեղեկանքը:

Նորածնի մահվան էպիկրիզի համաձայն՝ հոսպիտալացման ընթացքում հաշվի առնելով շնչական անբավարարությունը՝ երեխային միացվել է ոչ ինվազիվ ռեսպիրատոր օժանդակում High Flow սարքով: Հունվարի 13-ին երեխայի վիճակը վատացել է: Կատարվել է հակաբակտերիալ բուժման փոփոխություն, կերակրումը դադարեցվել է:

Բուժման ֆոնի վրա նորածինի վիճակը կայունացել է հունվարի 16-ին, երեխան հանվել է High Flow սարքի օժանդակումից, օքսիգենացիան շարունակվել է քթային բեղիկներով: Նույն օրը՝ ժամը 22:00-ի սահմաններում, դիտվել է վիճակի վատթարացում, խիստ անհանգստություն, որովայնի փքվածություն: Հունվարի 17-ին ժամը 02:00-ին խիստ փքվածության պատճառով կատարվել է երեխայի որովայնի խոռոչի դրենավորում: Հունվարի 17-ին՝ ժամը 07:20-ին, դիտվել է սրտի կանգ: Ժամը 07:50-ին գրանցվել է նորածնի բիոլոգիական մահ:

Արաբկիր հ/հ դիահերձարանի տնօրեն Հասմիկ Զաքարյանը պնդում է, որ երեխան ունեցել է ինֆեկցիոն ծագման խնդիր։

Մահվան էպիկրիզի համաձայն՝ Մուրացան հ/հ-ի մանկական և նորածնային վերակենդանացման բաժանմունքում նորածինի մոտ ախտորոշվել է ոչ միայն բնածին թոքաբորբ, այլ նաև վաղ նեոնատալ սեպսիս, մեռուկացված աղիների թափածակում:

«Արաբկիր» բժշկական համալիրի դիահերձարանի տնօրեն Հասմիկ Զաքարյանը ՍիվիլՆեթին հայտնեց, որ երեխան ունեցել է ինֆեկցիոն ծագման խնդիր՝ սեպսիս. «Մենք պետք է պատասխանը տանք, թե այդ սեպսիսը ինչպես է ծագել երեխայի մոտ, թեև նորածինը փոխել է կլինիկան՝ ծնվել է Ալավերդու ծննդատանը, ապա տեղափոխվել է Մուրացան հ/հ, և երկու կլինիկաներում էլ նրա հետ գործողություններ են արվել։

Հասմիկ Զաքարյանի խոսքով՝ երեխան որքան մեծանում է, այնքան դժվար է բացահայտել, թե ինֆեկցիան ծնվել է երեխայի հե՞տ, թե՞ առաջացել է միջամտությունից:

«Մանիպուլյացիաները վերաբերում են պորտը կտրելուց մինչև կլինիկական միջամտություններին»,- բացատրում էր դիահերձարանի տնօրենը:

Նորածինի մահվան պատճառի մասին տեղեկատվություն պետք է տար պաթանատոմիական ախտորոշումը: Հունվարի 25-ին Հասմիկ Զաքարյանը մեզ հայտնեց, որ հետազոտությունն ընթացքի մեջ է և շուտով երեխայի մահվան պաթանատոմիական ախտորոշման պատկերը կունենան՝ մանրադիտակային մակարդակով:

«Ընթերցելով հիվանդության պատմագիրը՝ ծննդօգնության ամբողջ պատմությունը, կհանգենք մեր վերջնական եզրակացության, եթե վարակ է, կպարզենք՝ ոնց է ներխուժել երեխայի օրգանիզմ»,-ասաց Հասմիկ Զաքարյանը:

Պաթանատոմիական ախտորոշում

Պաթանատոմիական ախտորոշման եզրակացությամբ նորածնի մոտ հայտնաբերվել է համատարած բնածին վարակ, միջանկյալ լյարդաբորբ, խոցային էնտերոկոլիտ՝ օջախային գանգրենոզ էնտերիտ, թափածակմամբ և տարածուն կղանքային պերիտոնիտի զարգացմամբ, երկկողմանի միջանկյալ թոքաբորբ, պրոդուկտիվ մենինգիտ, ուրցագեղձի «պատահական» փոխակերպում 111 աստիճան, ներքին օրգաններում դիստրոֆիկ կազմափոխություններ, գերարյունություն, արյունազեղումներ, մուգ հեղուկ արյուն սրտի խոռոչներում:

Ծնողները չեն ընդունում ներկայացվող ախտորոշումները

Երեխայի ծնողների՝ Սաթենիկի և Էդիկի մոտ հարց է առաջանում՝ ինչպես է այսքան ծանր ախտորոշումներով մանկիկը ներարգանդային կյանքում ձեռք բերել 51սմ հասակ, 2կգ 950գրամ քաշ և դարձել 36 շաբաթական, ծնվել ճիչով և ապրել 7 օր: Սաթենիկը պնդում է, որ 27 շաբաթական հղիության ժամանակ հետազոտվել է Հանրապետական հիվանդանոցում, երեխան և ինքը ստուգվել են դոպլեր սարքով, որի արդյունքներով իրենց առողջական վիճակը գնահատվել է նորմալ: Սաթենիկի ասելով՝ այդ մասին իր և երեխայի բժշկական տեղեկանքը գտնվում է Ալավերդու ԲԿ-ում:

ՍիվիլՆեթը Ալավերդու բժշկական կենտրոնից տեղեկատվություն խնդրեց մինչ երրորդ կեսարյան հատումը հղիի և պտղի ներարգանդային առողջական վիճակի մասին։ Կենտրոնից փետրվարի 17-ին ՍիվիլՆեթին հայտնեցին, որ «Ալավերդի քաղաքի Սանահին Սարահարթ թաղամասի 3/8 շենքի 21 հասցեի բնակիչ Էդիկ Սիմոնյանի միջնորդությամբ Երևանի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի ավագ քննիչի կողմից հարուցված թիվ 12107123 քրեական վարույթի շրջանակներում Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի որոշումով «Ալավերդու բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից առգրավվել են 10.01.2023թ.-ին ծնված Ադամ Էդիկի Սիմոնյանի վերաբերյալ առկա բժշկական փաստաթղթերը , ուստի օրենքով սահմանված ժամկետում չեն կարող տրամադրել տեղեկատվություն»։

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական վարույթ

Քննչական կոմիտեից էլ ՍիվիլՆեթին տեղեկացրին, որ դեպքի առթիվ Երևանի Էրուբունի շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական վարույթ՝ քրօրենսգրքի 187 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:

«Նախաձեռնվել է նախաքննություն, առգրավվել են բոլոր փաստաթղթերը, երեխայի ծնողները ճանաչվել են տուժողներ: Մանկան մահվան պատճառները պարզելու նպատակով նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Վերջինի եզրակացությունը դեռևս չի ստացվել՝ նորածնի մահվանը իրավական գնահատական տալու համար», հայտնեցին Քննչական կոմիտեից։

Լարիսա Փարեմուզյան, Ալավերդի

Մեկնաբանել