Գրիգորի Խաչատուրովին կալանավորելու միջնորդությունը մերժվել է

Դատարանը մերժել է երրորդ բանակային կորպուսի նախկին հրամանատար Գրիգորի Խաչատուրովին կալանավորելու միջնորդությունը: Այս մասին հաղորդում է Խաչատուրովի փաստաբան Հակոբ Ենոքյանը:

Դատախազությունը փետրվարի 21-ին հայտնել էր, որ Գրիգորի Խաչատուրովի ձերբակալվել է։ Նրա նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել պաշտոնեական դիրքի օգտագործմամբ հանցավոր ճանապարհով ձեռք բերված առանձնապես խոշոր չափերով անշարժ գույքն օրինականացնելու (փողերի լվացում) համար։

Պաշտպան Հակոբ Ենոքյանը լրագրողների հետ զրույցում ասել էր, որ Խաչատուրովի նկատմամբ հարուցված հետապնդումը կապված է պաշտպանության նախկին նախարար, «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանին վերաբերող գործի հետ։

Գլխավոր դատախազը Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու մասին երեք միջնորդություն էր ներկայացրել։ Միջնորդություններից առաջինը վերաբերում է զորամասի գույքի վաճառքին։

«Սեյրան Օհանյանը հանձնարարել է կադաստրային արժեքից անհամեմատ էժան գնով օտարել ՊՆ-ին անհատույց տրամադրած հատուկ նշանակության «Երասխ 1» տարածքն ու շինությունները։ Չբացահայտելով իրական գնորդին՝ ՊՆ ներկայացուցչի ու ՊՆ-ի N զորամասի հրամանատար Գրիգորի Խաչատուրովի հետ կնքվել է առուվաճառքի պայմանագիր, որի համաձայն Արարատի մարզի 2,6 կադաստրային արժեքով հողը և դրա վրա առկա 8,8 մլն արժեքով շինությունները՝ զորամասի շտաբը, զորամասն ու ընդհանուր մակերեսով շինությունը, անհամեմատ էժան գնով՝ ընդամենը 4 մլն դրամով փաստացի վաճառվել է Գրիգորի Խաչատուրովին»,- ԱԺ-ում Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու միջնորդությունը ներկայացնելու ժամանակ հայտարարել էր գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը։

Դատախազը նշել էր, որ Խաչատուրովը երկու անգամ՝ 2009-ին և 2016-ին, այս անշարժ գույքը գրավադրել է բանկում և ստացել առանձնապես խոշոր չափերով գումար։

***

Գրիգորի Խաչատուրովը զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովի որդին է։ 2019-ի սեպտեմբերի 20-ին նախագահի հրամանագրով Գրիգորի Խաչատուրովին շնորհվել էր գեներալ-մայորի կոչում։

Գրիգոր Խաչատուրովը գլխավոր շտաբի 2021-ի փետրվարի 25-ի հայտարարությանը միացած բարձրաստիճան զինվորականներից մեկն էր։ Այդ հայտարարությամբ Զինված ուժերի գլխավոր շտաբը պահանջում էր վարչապետի և կառավարության հրաժարականը։

2021-ի հուլիսի 8-ին Գրիգորի Խաչատուրովն ազատվել էր 3-րդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից։

Մեկնաբանել