ՌԴ փոխարտգործնախարարն ու ԵՄ ներկայացուցիչը քննարկել են Հայաստանում ԵՄ առաքելության հարցը

Փետրվարի 21-ին Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինն ու Հարավային Կովկասի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը քննարկել են Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելություն տեղակայելու հարցը։

Ռուսաստանի ԱԳՆ փոխանցմամբ՝ Գալուզինի և Կլաարի միջև հեռախոսազրույցը տեղի է ունեցել եվրոպական կողմի նախաձեռնությամբ։

«Հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման թեման քննարկելիս Միխայիլ Գալուզինը նշել է, որ Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելություն տեղակայելու Բրյուսելի որոշումը հստակ աշխարհաքաղաքական ենթատեքստ ունի, որը չի նպաստում Հարավային Կովկասում իրավիճակի իրական կայունացմանը։ Ընդգծվել է Բաքվի և Երևանի միջև այս նախաձեռնության շուրջ կոնսենսուսի բացակայությունը»,- ասված է ռուսական կողմի հաղորդագրությունում։

Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել է նաև Ժնևյան միջազգային քննարկումների թեման։

***

Հունվարի 23-ին Եվրամիության նախարարների խորհուրդում համաձայնություն է ձեռք բերվել Հայաստան ԵՄ քաղաքացիական առաքելություն ուղարկելու վերաբերյալ։ Առաքելությունը մեկնարկել է փետրվարի 20-ին։

ԵՄ առաքելության նպատակը Հայաստանի սահմանամերձ շրջաններում կայունություն ապահովելն է և Հայաստանի ու Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմանն ուղղված ԵՄ ջանքերին նպաստող միջավայր ստեղծելը։ ԵՄ առաքելությունը, որի կազմում լինելու է 100 դիտորդ, նախնական լինելու է երկու տարի ժամկետով։

Մեկնաբանել