Դատախազությունը պահանջում է Երևանի փոխքաղաքապետից բռնագանձել 4 անշարժ գույք և մոտ 28 մլն դրամ

Գլխավոր դատախազությունը պահանջում է Երևանի նախկին փոխքաղաքապետ Վահե Նիկոյանից և նրա հետ փոխկապակցված անձից բռնագանձել ապօրինի ծագում ունեցող գույքեր և գումար։

Աջակցել մեզ

Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Նիկոյանի վերաբերյալ հայցադիմումը։ Սա ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման 28-րդ հայցադիմումն է, որն ընդունվել է վարույթ։

Դատախազությունը, մասնավորապես, պահանջում է Վահե Նիկոյանից բռնագանձել Երևանում գտնվող երեք անշարժ գույք, ևս մեկ այլ անշարժ գույք, իսկ անհնարինության դեպքում՝ դրանց միջին շուկայական արժեքները, որն ընդհանուր կազմում է ավելի քան 309,7 մլն դրամ, ինչպես նաև անշարժ գույքի վարձակալությունից ստացված վճարները՝ մինչև գործով վճռի փաստացի կատարումը։

Հայցադիմումը ներառում է նաև 19,7 մլն դրամի բռնագանձում՝ որպես ապօրինի եկամուտների և միջոցների մնացորդ։ Նշվում է ևս 8,2 մլն դրամի մասին, որը 2013-2022 թվականների ընթացքում չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում։

***

2022-ի դեկտեմբերին Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնել էր, որ Վահե Նիկոյանն իր պաշտոնավարման տարիներին չարաշահել է պաշտոնեական դիրքը, որի հետևանքով մայրաքաղաքում տարիներ շարունակ փաստացի չկատարված աղբահանության աշխատանքների և չմատուցված սանիտարական մաքրման ծառայությունների համար «Սանիթեք» ընկերությանն անհիմն վճարվել է ավելի քան 3 մլրդ դրամ գումար: Երևանի նախկին փոխքաղաքապետը դեկտեմբերին 6-ին ձերբակալվել էր, դեկտեմբերի 9-ին՝ ազատ արձակվել։

Մեկնաբանել