Ամուլսարի հանքի շահագործումը կվերսկսվի․ Վահան Քերոբյան

Հայաստանի կառավարությունը 250 միլիոն դոլարի համաձայնագիր կստորագրի «Լիդիան Արմենիա» ընկերության հետ, որին պատկանում է Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման լիցենզիան։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Ազգային ժողովում տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի ժամանակ այս մասին ասաց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

«Հենց այսօր կստորագրենք մյուս խոշորագույն հանքի հետ կապված փաստաթղթեր, որոնք կազդարարեն այդ հանքի աշխատանքի վերսկսելը։ Այսօր ժամը 17:00-ին 250 միլիոն դոլարանոց փաթեթ ենք ստորագրելու, որը թույլ է տալու վերսկսել ևս մի հանքի շահագործումը, որի վերաբերյալ վաղուց արդեն պարտավորությունները կան՝ Լիդիանը, Ամուլսարը»,- ասաց Քերոբյանը։

ՀՀ կառավարության, Եվրասիական Զարգացման բանկի և «Լիդիան Արմենիա» ընկերության միջև կստորագրվի եռակողմ փոխըմբռնման հուշագիր։ ՀՀ կառավարության կողմից փաստաթուղթը կստորագրի ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

***
Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործումը նախատեսվում էր սկսել 2018-ին, սակայն մի շարք ջերմուկցիներ և բնապահպան ակտիվիստներ արդեն չորս տարուց ավելի է՝ փակ են պահում հանքավայրի մուտքերը՝ բարձրաձայնելով շահագործման պատճառով Ջերմուկ քաղաքին և այլ տարածքների հասցվելիք անդառնալի վնասի մասին։ «Լիդիան Արմենիա»-ն հայտնել էր հանքավայրի տարածքում ավելի քան 70 տոննա ոսկու պաշարի առկայության մասին։

2018-ին քննչական կոմիտեում քրեական գործ էր հարուցվել «Լիդիան Արմենիայի» կողմից Ամուլսարի հանքավայրի շահագործման հետ կապված՝ շրջակա միջավայրի աղտոտման մասին տեղեկությունները՝ բնապահպանության նախարարության պաշտոնատար անձանց կողմից դիտավորությամբ թաքցնելու դեպքի առթիվ: Կառավարությունը 400 հազար դոլար էր հատկացրել «Էլարդ» միջազգային փորձագիտական թիմին՝ փորձաքննություններ իրականացնելու նպատակով։ 2021-ի դեկտեմբերին Ամուլսարի շահագործման թույլտվության գործընթացում չարաշահումների քրեական գործը կարճվել էր։

Մեկնաբանել