Լաչինի միջանցքի կարգավորումների վերաբանակցումը մեզ համար անընդունելի է․ Միրզոյան

Ուժի գործադրմամբ կամ ուժի գործադրման սպառնալիքով Լաչինի միջանցքի կարգավորումների վերաբանակցումը հայկական կողմի համար անընդունելի է։ Այդ մասին փետրվարի 22-ին հայտարարել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Լաչինի և, այսպես կոչված, Զանգեզուրի միջանցքներում անցակետեր տեղադրելու հայտարարությանը։

«Այդպիսի գաղափար հնչեցվել է՝ անցակետեր տեղադրել Հայաստանի սահմանին և այն հատվածում, որտեղ սկսվում է Լաչինի միջանցքը, բայց մեր պատասխանը միանշանակ է։ Մենք բավականին հրապարակային Լաչինի միջացնքի արգելափակումից շատ կարճ ժամանակ անց մեր դիրքորոշումը հայտնել ենք և այն մնում է նույնը՝ Լաչինի միջանցքի կարգավորումները բանակցված են, ստորագրված են, այդ թվում՝ Ադրբեջանի նախագահի կողմից։ Ես խոսում եմ նոյեմբերի 9-ի փաստաթղթի մասին։ Եվ Լաչինի միջանցքի կարգավորումների վերաբանակցումը մեզ համար անընդունելի է։ Մենք չենք ողջունում ուժի կիրառմամբ կամ ուժի կիրառման սպառնալիքների ներքո եղած պայմանավորվածությունները փոխել կամ մի կողմի շահերի հաշվին նոր զիջումներ կորզելու քաղաքականությունը»,- ասել է Միրզոյանը։

Նրա խոսքով՝ Լաչինի միջանցքը մեկ այլ համարժեք միջանցք ստանալու դիմաց բացելու ադրբեջանական խոսույթը նոր չէ։

«Մենք ունենք Լաչինի միջանցք, որն, ի դեպ, նույնիսկ մինչև վերջին պատերազմը ամբողջ բանակցային գործընթացի ընթացքում առանձնացվել է որպես հումանիտար միջանցք՝ հաշվի առնելով, որ Լեռնային Ղարաբաղի հայությունը շրջափակված է և միակ ճանապարհը Հայաստանի և աշխարհի հետ հենց Լաչինի միջանցքն է։ Ի սկզբանե կարևորվել է միջանցքի գոյությունը, և բոլորը, այդ թվում՝ Ադրբեջանը, ընդունել են»,- նկատել է Միրզոյանը։

Հայաստանի ԱԳՆ ղեկավարը նշել է, որ հայկական կողմը պատրաստ է տարածաշրջանի բոլոր ենթակառուցվածքների ապաշրջափակմանը․ «Մենք կարող ենք րոպե առաջ ձեռնամուխ լինել այդ ճանապարհների ապաշրջափակմանը, երբ որ մենք կընդունենք, որ այդ բոլոր ճանապարհները պետք է գործեն այն երկրների օրենսդրության ներքո, որոնց տարածքով անցնում են»։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը փետրվարի 18-ին Մյունխենում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ հանդիպումից հետո ադրբեջանական լրատվամիջոցների հետ զրույցում հայտարարել էր, որ հանդիպմանը ադրբեջանական կողմն առաջարկել է հայ-ադրբեջանական սահմանին հսկիչ անցակետեր տեղադրել այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» երկու կողմերում և Լաչինի ու Հայաստանի միջև։

Մեկնաբանել