Կառավարությունում քննարկվել է արդարադատության թաղամասի կառուցման հարցը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն արդարադատության թաղամասի կառուցման վերաբերյալ, հայտնում են վարչապետի աշխատակազմից։

«Մենք արդեն երկար ժամանակ քննարկում ենք, պայմանական ասած՝ արդարադատության թաղամաս ստեղծելու հարցը: Ինչի՞ հետ է դա կապված: Մենք դատաիրավական համակարգում մեծ բարեփոխումներ ենք իրականացնում, բայց սովորաբար շատերի համար նկատելի չէ, որ այդ բովանդակային բարեփոխումների ընթացքում նաև ֆիզիկական ենթակառուցվածքների շատ մեծ խնդիր է առաջանում՝ շենքային պայմանների և այդպես շարունակ: Նաև դիտարկում ենք, որ դատական, քննչական համակարգի գործունեության սպասարկման համար որոշակի՝ բավական ծանրակշիռ ծախսեր կան, որոնք մեծ հաշվով աշխատանքի, լոգիստիկայի կազմակերպման՝ շատ հաճախ հնացած ձևերի արտահայտության պատճառ են: Եվ հիմա ուզում ենք մտածել, թե ինչ կարող ենք անել, որպեսզի այդ ամենն ավելի արդյունավետ դարձնենք, որպեսզի առաջինը՝ դատաիրավական համակարգի համար աշխատանքային պատշաճ, սոլիդ պայմաններ ստեղծվեն, այսպես ասած՝ առանց կցակառույցների տրամաբանության, երկրորդը՝ կալանավորված, դատապարտված անձանց իրավունքները պաշտպանվեն, և հնարավորինս արժանապատիվ պայմաններ ստեղծվեն նաև կալանքի տակ գտնվող անձանց, դատավարության կողմերի համար և այլն»,- ասել է Փաշինյանը։

Վարչապետը կարծում եմ, որ պետական կառավարման համակարգը Երևանի փոքր կենտրոնից պետք է դուրս բերել։ Ըստ նրա՝ Կենտրոնում գտնվող պետական գույքի

«ճիշտ կառավարումը» կարող է պետությանը տասնյակ միլիարդների եկամուտներ բերել։

«Մեկ պարզ օրինակ կարող եմ բերել. իհարկե, շենքը, որտեղ մենք գտնվում ենք, պատմամշակութային շատ կարևոր արժեք է, բայց մենք չենք հաշվում, թե, օրինակ, այս շենքի 6 մետր բարձրությամբ աշխատասենյակների տաքացման, հովացման, սպասարկման համար ինչքան միջոցներ են ծախսվում, որոնք կարող էին կամ չծախսվել, կամ ծախսվել ավելի արդյունավետ: Կարծում եմ, որ այստեղ էլ մենք մտածողության և մտածելակերպի փոփոխության կարիք ունենք, և այդ ռազմավարությունը պետք է որդեգրենք՝ Երևան քաղաքի փոքր կենտրոնից և ընդհանրապես կենտրոնից պետական կառավարումն ամբողջությամբ դուրս հանելու և այս ֆիզիկական ենթակառուցվածքը պետական եկամուտների աճին ծառայեցնելու նպատակն իրագործելու առումով՝ իհարկե, խստորեն պահպանելով և պաշտպանելով պատմամշակութային հուշարձանների կառավարման հետ կապված բոլոր կանոնները:

Ընդ որում՝ դա նորություն չէ. աշխարհում, ընդհուպ շատ մայրաքաղաքներում կան դարերի հնություն ունեցող շենքեր, որոնք մասնավոր հատվածին կամ վարձակալությամբ են տրված, այսինքն՝ դա ճիշտ մոդել է և պետությանը միլիարդների եկամուտներ է բերում, բայց, մյուս կողմից էլ, այդ պատմամշակութային հուշարձանները պահպանվում են, ընդ որում՝ պետական հսկողության ներքո մասնավորը շատ ավելի լավ է անում այդ գործառույթը, քան շատ հաճախ պետական կառավարման մարմիններն են անում: Եթե ավելի խորը նայենք հարցին, սա երկրի ստանդարտների մասին է իրականում՝ սկսած պետական կառավարման համակարգից, լոգիստիկայից, թե պետական կառավարման համակարգի՝ փոքր կենտրոնում լինելն ինչ ազդեցություն է ունենում երթևեկության բարդությունների վրա: Բայց այս գաղափարն իրագործելու ճանապարհին, իհարկե, արդարադատության թաղամասն առաջին հատվածն է: Եթե սրա մեկնարկը մենք հաջողությամբ տանք և սկսենք իրագործումը, մեծ հավանականությամբ գաղափարը կզարգանա և կծավալվի նաև այդ ուղղությամբ»,- հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։

Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը և նրա տեղակալ Արա Մկրտչյանը խորհրդակցության ժամանակ ներկայացրել են արդարադատության թաղամասի կառուցման շուրջ կատարված ուսումնասիրության արդյունքները: Քննարկվել են նշված ենթակառուցվածքի ստեղծման հնարավոր մոդելները, այնտեղ տեղակայվելիք գերատեսչություններին ու մարմիններին վերաբերող առաջարկները։

Մեկնաբանել