«Սուրմալու»-ի տնօրենը ձերբակալվել է

Դատախազությունը հայտնում է, որ հանրային քրեական հետապնդում է հարուցվել «Սուրմալու» առևտրի կենտրոնի տնօրենի նկատմամբ, նա ձերբակալվել է։

Նշվում է, որ տնօրեն դիտավորությամբ կեղծել է պարտականությունից և պատասխանատվությունից ազատող փաստաթուղթ և օգտագործել այն:

«Մասնավորապես՝ 2019-ի հոկտեմբերի 19-ից մինչև 2021-ի հոկտեմբերի 19-ն ընկած ժամանակահատվածում Ի.Մ.-ն կազմել է կեղծ հրաման, որով ի պաշտոնե իր՝ որպես ընկերության տնօրենի՝ «Երևանի պահածոների գործարան» ընկերության տարածքի սանիտարահիգիենիկ, հրդեհատեխնիկական և պահպանության համար ստանձնած պարտականությունը 2019-ի փետրվարի 1-ից փոխանցվել է ընկերության առևտրի կազմակերպման գծով փոխտնօրեն Վ.Մ.-ին: Նշված կեղծ փաստաթղթով, Ի.Մ.-ն ազատել է իրեն «Սուրմալու» առևտրի կենտրոնի սանիտարահիգիենիկ, հրդեհատեխնիկական և պահպանության կանոնները պահպանելու պարտականությունից և դրանց խախտման արդյունքում առաջացած հետևանքների համար նախատեսված պատասխանատվությունից: Այնուհետև, Ի.Մ.-ն կեղծ հրամանը, ներկայացրել է քրեական վարույթով նախաքննությունն իրականացնող քննիչին»,- ասված է հաղորդագրությունում։

Տնօրենը ունենալով հրդեհային անվտանգության՝ օրենսդրությամբ սահմանված պահանջների պահպանման պարտականություն, խախտել է «Հրդեհային անվտանգության մասին» օրենքով նախատեսված մի շարք դրույթներ, ինչպես նաև հրդեհային անվտանգության կանոններ:

2022-ի Oգոստոսի 14-ին «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի էր ունեցել պայթյուն, որի հետևանքով զոհվել էր 16 քաղաքացի։ «Սուրմալու»-ում պայթել էր հրավառությունների նյութերի համար նախատեսված պահեստը։

Մեկնաբանել