Բրյուսելում առաջիկա օրերին հնարավոր է Փաշինյան-Ալիև հանդիպում․ Պետքարտուղարություն

Առաջիկա օրերին Բրյուսելում հնարավոր է՝ կայանա Հայաստանի ու Ադրբեջանի առաջնորդների հանդիպում՝ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ․ փետրվարի 22-ի ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը։

Նրան հարց է ուղղվել, թե արդյոք Մյունխենում եռակողմ հանդիպումից հետո պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, հայտարարելով հայ-ադրբեջանական գործընթացում նշանակալի առաջընթացի մասին, միտումնավոր փորձել է գերլավատեսական հայտարարություն անել՝ հաշվի առնելով այն իրողությունները, որոնք առկա են վերջին ամիսներին։

«Նա արտահայտել է այն, ինչ տեսնում ենք վերջին ամիսներին։ Դա Միացյալ Նահանգների ներգրավվածության, ԵՄ դիվանագիտական աշխատանքի արդյունք է։ Հուսով ենք՝ առաջիկա օրերին Բրյուսելում տեղի կունենա կողմերի հանդիպում Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ։ Հույս ունենք տեսնելու առաջընթացի շարունակություն»,- ասել է Փրայսը։

Մեկնաբանել