«Եթե Ադրբեջանը չկատարի Հաագայի դատարանի որոշումը, դա չի ենթադրում պատժամիջոցների կիրառում»

Եթե Ադրբեջանն այս պահին չկատարի այդ որոշումը, դա ավտոմատ չի ենթադրում, որ նրա նկատմամբ կկիրառվեն որոշակի պատժամիջոցներ։ Մեխանիկորեն նման գործընթաց չկա, դրա համար Հայաստանը պետք է պրոակտիվ լինի։ Այս մասին փետրվարի 23-ին ՍիվիլՆեթի հետ զրույցում նշեց միջազգային իրավունքի մասնագետ, Հաագայի դատարանում Հայաստանի հայցով խորհրդատու Լևոն Գևորգյանը։

«Նախ պետք է հասկանանք, որ սա վերջնական վճիռը չէ։ Մենք ունենք Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի դատական գործընթաց՝ Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման վերաբերյալ կոնվենցիայի շրջանակներում, որն ամենայն հավանականությմաբ դեռևս տարիներ կտևի, մինչև մենք կունենանք վերջնական վճիռը։ Այն, ինչ տեղի ունեցավ երեկ, պարզապես միջանկյալ միջոցի՝ կարելի է ասել հայցի ապահովման հետ կապված քննարկման արդյունքներն էին, և դատական որոշումն էր, որով դատարանը տվեց իր գնահատականը։ Դատարանն, ըստ էության, տվեց գնահատական, որ մինչև վերջնական վճռի կայացումը կա դատարանի միջամտության անհրաժեշտություն, որովհետև կա վերահաս վտանգ, որ վեճի առարկային կարող է անդառնալի վնաս հասցվել։ Իսկ վեճի առարկան Ադրբեջանի կողմից իրականացվող ռասայական խտրականությունն է»,- նշեց Գևորգյանը։

Նրա խոսքով՝ Հայաստանը պետք է կատարի որոշակի լրացուցիչ աշխատանք, որ այս որոշումը կյանքի կոչվի։ Անդրադառնալով Հայաստանից ակնկալվող աշխատանքներին՝ փորձագետն ընդգծեց, որ այս որոշումը միջազգային հանրության և միջազգային կազմակերպությունների հետ աշխատանքում Ադրբեջանից կոնկրետ գործողություններ պահանջելու գործիքակազմ է։

«Մենք արդեն տեսնում ենք, որ ադրբեջանական կողմից կան ձևախեղումներ որոշման բովանդակության հետ կապված, որոշ մամլո հաղորդագրություններում ադրբեջանական կողմը պնդում է, թե ադրբեջանական կողմի վրա որևէ լրացուցիչ պարտականություն դրված չէ, փորձեր կարվեն Ադրբեջանի կողմից ձևախեղելու և խուսափելու իր պարտավորությունների կատարումից, բայց այստեղ Հայաստանի Հանրապետությունը մեծ աշխատանք ունի անելու՝ միջազգային կառույցներում մատնացույց անել ադրբեջանական կողմի վարքագիծը, առանձին պետություններից պահանջել պատժամիջոցնեի սահմաններում»,- ասաց Լևոն Գևորգյանը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Մեկնաբանել