Ջոն Գալիանոն այլևս Պատվավոր լեգիոնի շքանշանի ասպետ չէ

Ֆրանսիայի նորընտիր նախագահ Ֆրանսուա Օլանդի հրամանագրով բրիտանացի մոդելավորող Ջոն Գալիանոն զրկվել է Պատվավոր լեգիոնի շքանշանի ասպետի կոչումից: Որոշման պատճառը մոդելավողի հակասեմական արտահայտությունների շուրջ 2011թ. ծագած սկանդալն է, հաղորդում է Ֆրանսիայի կառավարության պաշտոնական պարբերական Journal officiel-ը:

Գալիանոն Պատվավոր լեգիոնի շքանշանի ասպետ է դարձել 2009թ. հունվարին: Հանդիսավոր արարողության ընթացքում շքանշանը նրան հանձնել է Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին:

Հիշեցնենք, որ Գալիանոն, որը 1996-ից աշխատում է Christian Dior նորաձևության տանը, 2011թ. փետրվարի 24-ին ձերբակալվել էր La Perle սրճարանում այցելուների հետ վիճաբանելու համար: Վիրավորված զույգը դիմել է ոստիկանությանը` մոդելավորողին մեղադրելով հակասեմական արտահայտություններ թույլ տալու և խուլիգանական վարք դրսևորելու համար: Հաջորդ օրը ոստիկանությանը դիմել է ևս մեկ պահանջախնդիր զույգ:

Մի քանի օր անց բրիտանական Sun-ը հրապարակել է տեսանյութ, որում Գալիանոն կամ նրան շատ նման մեկը վիրավորում է սրճարանի այցելուներին և խոստովանում, որ համակրում է Հիտլերին: Հենց այդ տեսանյութն էլ որոշիչ դեր է խաղացել մոդելավորողի կյանքում: Dior-ը շտապ դադարեցրել է համագործակցել նրա հետ, իսկ ոստիկանությունը նրա գործը փոխանցել է դատարան, որը 2011թ. սեպտեմբերին պարտավորել է Գալիանոյին 6 հազ. եվրոյի տուգանք վճարել: