Հայաստան-ԵՄ գործընկերության համաձայնագիրը․ ինչ է այն և ինչու է կարևոր

Մարկ Դովիչ

Անցյալ ամիս վարչական կիրառման մեջ մտավ Եվրամիության և Հայաստանի միջև ընդհանուր ավիացիոն գոտու համաձայնագիրը, որով Հայաստանը հանձնառություն է ստանձնում մոտարկել ազգային օրենսդրությունը օդային անվտանգության ԵՄ ստանդարտներին և կանոնակարգերին՝ ի թիվս հարակից այլ ոլորտների:

Այս զարգացումը Հայաստանում կրկին ուշադրությունը սևեռել է ԵՄ-ի հետ գործընկերության վրա, որի միայն մի փոքր մասն է ավիացիոն գործարքը։

ՍիվիլՆեթը զրուցել է Հայաստանում ԵՄ պատվիրակության առևտրի հարցերով պատասխանատու Կարեն Ազարյանի հետ՝ ներկայացնելու համաձայնագրի պատմությունը, կոնկրետ ինչ է այն պարունակում և ինչ ազդեցություն կարող է ունենալ Հայաստանի տնտեսության վրա։ Ազարյանը պարզաբանում է նաև Հայաստանում համաձայնագրի վերաբերյալ տարածված թյուր պատկերացումները։

Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (CEPA) պատմությունը

2017-ին Երևանը և Բրյուսելը ստորագրեցին համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիր՝ ձգտելով զարգացնել համագործակցությունը տարբեր ոլորտներում, այդ թվում՝ առևտրատնտեսական հարաբերությունները: Այն պայմանական կիրառություն ստացավ 2018-ին, իսկ պաշտոնապես ուժի մեջ մտավ 2021-ին։

Գործարքը ողջունեցին թե՛ Հայաստանը, թե՛ ԵՄ-ն։ Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը վստահեցրեց, որ «դրա իրականացումը կառավարության առաջնահերթություններից է», իսկ ԵՄ-ն այն անվանեց «կարևոր հանգրվան»:

Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը առավելապես հիմնված է Հայաստանի և ԵՄ-ի միջև բանակցությունների նախորդ փուլի վրա, որի նպատակն էր հասնել ասոցացման համաձայնագրի, որի մի մաս էր կազմելու խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու մասին համաձայնագիրը (DCFTA):

Հայաստանի այն ժամանակվա նախագահ Սերժ Սարգսյանը 2013-ին անսպասելիորեն չեղյալ հայտարարեց գործարքը՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո: Այնուհետև Հայաստանը միացավ Ռուսաստանի գլխավորած Եվրասիական տնտեսական միությանը։

«ԵՄ-ն հայտարարեց, որ այդ պայմաններում հնարավոր չէ ունենալ խորը և համապարփակ ազատ առևտրի համաձայնագիր, քանի որ եթե Հայաստանը մաքսային այլ միության մաս է, այն չի կարող անկախ արտաքին առևտրային քաղաքականություն ունենալ և իրավասու չէ սահմանելու իր մաքսատուրքերը»,- ասում է Ազարյանը՝ մեկնաբանելով Բրյուսելի մոտեցումն այդ ժամանակ:

2015-ին Հայաստանի կառավարությունը վերսկսեց բանակցությունները ԵՄ-ի հետ՝ ձգտելով հնարավորինս փրկել նախորդ գործարքի բեկորները: Արդյունքում ստորագրվեց Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը:

«Այն ունի Ասոցացման համաձայնագրի և Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու համաձայնագրով նախատեսած շատ դրույթներ, որ բանակցվել էին 2010-2013-ին: Բացակայում է միայն մաքսատուրքերի մասը,- ասում է Ազարյանը և ավելացնում։- Ահա թե ինչու է այն բավական հավակնոտ համաձայնագիր»։

Ի՞նչ է ենթադրում Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը

Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը նախատեսում է Հայաստանի և ԵՄ-ի միջև երկկողմ առևտրի աստիճանական ազատականացում։

«Համաձայնագիրը ներառում է առևտրի բոլոր կողմերը՝ լինեն պետական գնումներ, թե սանիտարական ու բուսասանիտարական միջոցառումներ, առևտրի տեխնիկական խոչընդոտներ։ Այն նաև վերաբերում է մաքսային կարգավորումներին, մրցակցությանը։ Դրանք բոլորը ներառված են համաձայնագրում»,- պարզաբանում է Ազարյանը։

Դրանից բացի՝ համաձայնագրով Հայաստանի կառավարությունը պարտավորվում է մոտարկել իր օրենքները ԵՄ օրենսդրությանը՝ արտացոլելով եվրոպական ստանդարտները և կանոնակարգերը:

«ԵՄ-ն աշխարհի ամենաառաջատար ու զարգացած առևտրային միավորումներից մեկն է՝ առաջադեմ թե՛ ստանդարտներով ու տեխնոլոգիաներով, թե՛ կանոնակարգերով,- ասում է Ազարյանը։- Սրանք արդեն գործող, արդյունավետ գործող ստանդարտներ և կանոնակարգեր են, որոնք Հայաստանը կարող է պարզապես հարմարեցնել իր տեղական միջավայրին»:

Ակնկալվում է, որ օրենսդրությունների մոտարկումը ավելի անխափան կդարձնի Երևանի և Բրյուսելի միջև առևտուրը։ ԵՄ-ն արդեն իսկ Հայաստանի ամենամեծ տնտեսական գործընկերներից մեկն է, որի հետ առևտուրն անցած տարի գերազանցել է 2,3 միլիարդ դոլարը, ըստ Հայաստանի վիճակագրական կոմիտեի։

Ի՞նչ ազդեցություն կունենա այն Հայաստանի վրա

Բրյուսելն ակնկալում է, որ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը կնպաստի Հայաստանում կենսամակարդակի բարձրացմանը: Ակնկալվում է, որ հայկական ընկերությունների համար հեշտացնելով արտահանումը ԵՄ և բարձրացնելով Հայաստանի ներդրումային գրավչությունը եվրոպական ընկերությունների համար՝ համաձայնագիրն էապես կնպաստի նոր աշխատատեղերի ստեղծմանը:

«Եթե իսկապես կարողանանք ավելի ամուր կապեր զարգացնել տնտեսության ասպարեզում, ապա ավելի կնպաստենք հայաստանյան բիզնեսի զարգացմանը»,- 2021-ին ՍիվիլՆեթին տված հարցազրույցում ասում էր Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինը։ «Մենք միասին կարող ենք ավելին անել կանաչ տնտեսության մեջ, կարող ենք միասին աշխատել կայուն էներգիայի ոլորտում: Սրանք ոլորտներ են, որտեղ կարող ենք աշխատատեղեր ստեղծել»:

Առևտրից բացի՝ համաձայնագրի ևս մեկ առանցքային բաղադրիչ խրախուսում է Հայաստանի ժողովրդավարացման շարունակական գործընթացը, այդ թվում՝ կառավարության թափանցիկության և հաշվետվողականության բարձրացմանն ուղղված բարեփոխումները: Գործարքը նաև լուրջ փոփոխություններ է նախատեսում Հայաստանի դատական, ոստիկանական համակարգերում ու ընտրական կանոնակարգերում։

Այլևս չի լինի հայկական «կոնյակ»

Հայաստանում հատուկ ուշադրության է արժանացել Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի հազարավոր էջերում հայտնաբերված մի դրույթ՝ 237-րդ հոդվածը, որը կոնյակի հայկական արտադրողներին պարտավորեցնում է 25 տարվա ընթացքում դադարեցնել իրենց արտադրանքը որպես «կոնյակ» մակնշելը։

Փոփոխության պատճառը ԵՄ-ի աշխարհագրական նշումների համակարգն է՝ մտավոր սեփականության իրավունքի մի ձև, որն ապրանքները կապում է այն վայրերին, որտեղ դրանք արտադրվում են: Ըստ ԵՄ օրենսդրության՝ «կոնյակը» կարող է վերաբերել միայն Ֆրանսիայի Կոնյակի տարածաշրջանում պատրաստված բրենդիին։

Մեկնաբանելով հայկական կոնյակ արտադրողներին ավելի քան երկու տասնամյակ տալու ԵՄ-ի որոշումը՝ Ազարյանն ասում է. «Ես չեմ հիշում որևէ այլ համաձայնագիր, որ որոշումն իրագործելու այդքան երկար ժամկետ կնախատեսեր»։

Փոփոխությունը կարող է տնտեսական լուրջ հետևանքներ ունենալ Հայաստանի համար, որի տարեկան արտահանման շուրջ 7%-ը թունդ ալկոհոլային խմիչքներն են: Հայկական կոնյակի գերակշիռ մասն ուղարկվում է Ռուսաստան և նախկին խորհրդային երկրներ, որտեղ այն լայնորեն հայտնի է որպես «կոնյակ»:

Ազարյանը փորձում է փարատել մտավախությունները, թե Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը կարող է վնասել Հայաստանի կոնյակի արդյունաբերությանը։ Նրա խոսքով՝ համաձայնագիրը նաև դրույթներ է պարունակում, որոնք Բրյուսելին պարտավորեցնում են աջակցություն ցուցաբերել հայկական կոնյակի շուկայավարմանը նոր, դեռ չընտրված անվան տակ:

Նա նաև մատնանշում է նախկին դեպքերը, երբ այլ ապրանքներ վերանվանվել կամ վերապիտակավորվել են՝ աշխարհագրական նշումների պաշտպանության պատճառով:

«Այստեղ հաջողության պատմություններ կան»,- ընդգծում է Ազարյանը։ «Վերցրեք, օրինակ, կավան: Դա իսպանական փրփրուն գինի է, որը նախկինում կոչվում էր «իսպանական շամպայն»: Ֆրանսիան պնդում էր, որ Իսպանիան փոխի այն, և Իսպանիան հարգեց գործընկեր երկրի աշխարհագրական նշումները: Այժմ այն կոչվում է «կավա», և շարունակում է շատ հայտնի լինել»:

Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը ազատ առևտրի համաձայնագի՞ր է

Ո՛չ, այն ազատ առևտրի համաձայնագիր չէ: Այն իրավական հիմք է Հայաստան-ԵՄ համագործակցության համար, որը ներառում է նաև առևտրի ազատականացման բաղադրիչը: Բրյուսելը հետևողականորեն ասում է, որ Հայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը անհնար է դարձնում ազատ առևտրի լիարժեք գործարքը։

Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրն առնչվո՞ւմ է ԵՄ արտոնյալ առևտրի ծրագրից Հայաստանի դուրս գալու հետ

Ո՛չ, Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը բացարձակապես կապ չունի անցյալ տարի Հայաստանի՝ ԵՄ արտոնյալ առևտրի ռեժիմից՝ ԵՄ-ի արտոնությունների ընդհանրացված համակարգից «GSP+» դուրս գալու հետ: Ծրագրի շրջանակում Հայաստանն ամբողջությամբ ազատված էր ավելի քան 6000 անուն ապրանքների մաքսատուրքերից: ԵՄ-ի հետ Հայաստանի առևտուրն ավելի քան եռապատկվել է ԵՄ-ի «Արտոնությունների ընդհանրացված և համալրված համակարգի» (Generalized Scheme of Preferences Plus) շրջանակներում։

Հայաստանը 2022-ի հունվարի 1-ից դուրս եկավ ԵՄ-ի արտոնյալ առևտրի ռեժիմից, քանի որ Համաշխարհային բանկի կողմից երեք տարի անընդմեջ դասակարգվել է որպես բարձր միջին եկամուտ ունեցող երկիր։ ԵՄ կանոնների համաձայն՝ «Արտոնությունների ընդհանրացված և համալրված համակարգի» շահառու ցանկացած երկիր, որը Համաշխարհային բանկի կողմից երեք տարի անընդմեջ դասակարգվում է որպես բարձր միջին եկամուտ ունեցող երկիր, այլևս իրավասու չէ օգտվել արտոնյալ առևտրի ռեժիմից։

Թարգմանությունը՝ Զառա Պողոսյանի

Read the article in English: Explainer: What is the Armenia-EU partnership agreement, and why does it matter?

Մեկնաբանել