Փաշինյանն ու Գուտերեշը քննարկել են Լաչինի միջանցք ՄԱԿ-ի առաքելություն ուղարկելու հարցը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ, հայտնում են վարչապետի աշխատակազմից։

Փաշինյանն ու Գուտերեշը անդրադարձել են Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամին։ Մասնավորապես, քննարկվել են Լեռնային Ղարաբաղ և Լաչինի միջանցք ՄԱԿ-ի փաստահավաք առաքելություն ուղարկելուն առնչվող հարցեր:

«Երկուստեք ընդգծվել է Լաչինի միջանցքն Ադրբեջանի կողմից ապաշրջափակելու անհրաժեշտությունն ու դրա անխափան գործունեության կարևորությունը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել ՄԱԿ առաքելություն ուղարկելու հարցի շուրջ քննարկումները շարունակել: Անտոնիո Գուտերեշը նշել է, որ հարցը կպահի ուշադրության կենտրոնում»,- ասված է հաղորդագրությունում։

Վարչապետը կարևորել է նաև ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի կողմից Լաչինի միջանցքի ապաշրջափակման վերաբերյալ ժամանակավոր միջոցներ կիրառելու մասին Հայաստանի պահանջը բավարարելու որոշումը:

Հեռախոսազրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել նաև Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը, ԼՂ ժողովրդի իրավունքների պաշտպանությանը և անվտանգությանը վերաբերող հարցերի շուրջ:

Մեկնաբանել