Փաշինյանն ու Պուտինն անդրադարձել են Լաչինի միջանցքի փակման հետևանքով ստեղծված ճգնաժամին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, հայտնում են վարչապետի աշխատակազմից։

Փաշինյանն ու Պուտինն անդրադարձել են Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար, բնապահպանական և էներգետիկ ճգնաժամին:

«Վարչապետը կարևորել է դրա հաղթահարման ուղղությամբ ՌԴ-ի կողմից անհրաժեշտ քայլերի իրականացումը: Միաժամանակ, վարչապետն ընդգծել է ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի՝ Լաչինի միջանցքն Ադրբեջանի կողմից ապաշրջափակելու վերաբերյալ կայացված որոշման փաստը»,- ասված է հաղորդագրությունում։

Մտքեր են փոխանակվել նաև Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի շուրջ:

«Քննարկվել են 2020-ի նոյեմբերի 9-ին, 2021-ի հունվարի 11-ին, նոյեմբերի 26-ին և 2022-ի հոկտեմբերի 31-ին ստորագրված Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի առաջնորդների եռակողմ պայմանավորվածությունների իրականացմանը վերաբերող հարցեր»,- նշում են կառավարությունից։

Մեկնաբանել