ՊՆ-ն կոչ է անում սմարթֆոններ չփոխանցել զինծառայողներին

Զինված ուժերում կարգապահության ամրապնդման, անվտանգության ապահովման համար պաշտպանության նախարարությունը կրկին կոչ է անում զինծառայողների ծնողներին, ընկերներին սմարթֆոն տեսակի հեռախոսներ չփոխանցել զինվորներին:

«ՊՆ ռազմական ոստիկանությունը զինծառայողներին մշտապես հորդորում է զերծ մնալ արգելված իրեր պահելուց, մասնավորապես` սմարթֆոն տեսակի բջջային հեռախոսներ: Չնայած այս հորդորներին, այնուամենայնիվ, շարունակելով զորամասերում ամենօրյա հետևողական աշխատանքները, ռազմական ոստիկանության աշխատակիցները հայտնաբերում են սմարթֆոն տեսակի բջջային հեռախոսներ և այլ արգելված պարագաներ»,- ասված է հաղորդագրությունում։

Նախարարությունը տեղեկացնում է, որ զինծառայողների շրջանում հայտնաբերված սմարթֆոնները զինծառայողներին վերադարձվելու են միայն ժամկետային զինվորական ծառայությունն ավարտվելուց հետո:

«Ձեռնարկած մեծածավալ գործողությունների արդյունքում հայտնաբերվել, ռազմական ոստիկանության բաժիններ են տեղափոխվել մի շարք պարտադիր ժամկետային և պայմանագրային զինծառայողներ, որոնք, խախտելով ՀՀ ՊՆ N հրամանը, օգտագործել են սմարթ հեռախոսներ, զինվորական ծառայության առօրյայից լուսանկարներ են ներբեռնել համացանց: Զինծառայողները ենթարկվել են կարգապահական պատասխանատվության: ՀՀ պաշտպանության նախարարությունը հետամուտ է լինելու նմանօրինակ դեպքերի բացառմանը և կարգազանց զինծառայողներին ենթարկելու է պատասխանատվության»,- նշված է հաղորդագրության մեջ։