Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչելու փաստաթուղթ ստորագրելու այլընտրանքը կա․ Վարդան Օսկանյան

Հայաստանի արտաքին գործերի նախկին նախարար (1998-2008) Վարդան Օսկանյանը փետրվարի 24-ին Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան մատենադարանում կազմակերպված «Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման հրամայականը» խորագրով համաժողովի ժամանակ հանդես եկավ ծավալուն ելույթով։ Ելույթից որոշ հատվածներ՝ ստորև։

Խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո Արցախը կվերածվի Ջավախքի, ապա՝ Նախիջևանի

Վարդան Օսկանյանի խոսքով՝ և՛ բանավոր, և՛ փաստաթղթային հիմնավոր փաստեր կան, որ Հայաստանի իշխանություններն արդեն համաձայնել են Արցախը ճանաչել Ադրբեջանի կազմում։

«Սա վտանգավոր երևույթ է։ Այս հանգամանքն իր ամրագրումը, միջազգային ճանաչումն է ստանալու, երբ ստորագրվի խաղաղության պայմանագիրը։ Եթե այդ պայմանագիրը ստորագրվի, Արցախը կվերածվի Ջավախքի, ինչպես այսօր ունենք ջավախահայություն, կունենանք արցախահայություն։ Բայց Արցախի և Ջավախքի տարբերությունը կլինի այն, որ մի քանի տարի կամ տասնամյակ անց Արցախը Ջավախքից վերածվելու է Նախիջևանի»։

«Ադրբեջանը բանակցում է ոչ թե խաղաղության, այլ պատերազմում ձեռք բերած ավարը օրինականացնելու համար»

Ըստ նախկին արտգործնախարարի՝ իշխանություններն արդարացնելու համար իրենց անգործությունը և ձախողումները, շրջանառության մեջ են դնում Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչելու անխուսափելիության, այլընտրանքի բացակայության թեզը։

«Պետք է զիջենք Ղարաբաղը, որպեսզի կարողանանք փրկել Հայաստանը․ սա սուտ և կեղծ թեզ է և իր մեջ մեծ վտանգ է պարունակում։ Այսօր մենք պետք է գիտակցենք, որ Ադրբեջանը չի բանակցում խաղաղության համար, Ադրբեջանը բանակցում է պատերազմում իր ձեռք բերած ավարը օրինականացնելու և դրան միջազգային ճանաչում տալու համար»։

«Ռուբեն Վարդանյանին հեռացնելով՝ ջրեցինք Միջազգային դատարանում ձեռք բերած հաջողությունը»

«Պատերազմի վախը, որը մենք մեր մեջ սերմանել ենք, Ադրբեջանի ձեռքին դարձել է զենք, որով նա մեզ սպառնում և պարտադրում է իր կամքը։ Վերջին վկայությունը հենց Ռուբեն Վարդանյանի հրաժարականն է։ Դրանով մենք ջրեցինք այն հաջողությունը, որը վերջին օրերին ունեցանք։ Ռուբեն Վարդանյանի գնալով՝ ենթադրում ենք, որ Ադրբեջանը պետք է միջանցքը բացի, բայց նույն Ռուբեն Վարդանյանին դուրս մղելու օրը եղավ Միջազգային դատարանի որոշում, որը պարտադրում է Ադրբեջանին բացել Լաչինի միջանցքը։ Հիմա, եթե միջանցքը բացվի, դա դատարանի որոշմա՞մբ է լինելու, թե՞ Ռուբեն Վարդանյանի գնալով։ Ռուբեն Վարդանյանին աշխատանքից ազատելով մենք ջրեցինք ձեռքբերումը, որն ունեցանք Միջազգային դատարանում»։

Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչելու փաստաթուղթ ստորագրելու այլընտրանքը փաստաթուղթ չստորագրելն է

Վարդան Օսկանյանը նկատում է, որ բանակցային ներկա օրակարգը թելադրված է Ադրբեջանի կողմից։ Նրա խոսքով՝ բանակցություններում ստեղծված է միայն ադրբեջանական օրակարգերով եռանկյունի։ Հայաստանի իշխանությունները, ըստ նրա, այդ օրակարգը պետք է փորձեն դարձնել հնգանկյուն՝ ավելացնելով սեփական օրակարգեր։

«Բանակցային սեղանին եռանկյունի է ստեղծվել՝ Արցախը Ադրբեջանի մաս, միջանցք և սահմանազատում ու անկլավների խնդիր։ Այս երեքն էլ ադրբեջանական օրակարգային խնդիրներ են, այսօր բանակցություններում չկա հայկական օրակարգ։ Այդ օրակարգը պետք է ընդլայնել, եռանկյունուց դարձնել հնգանկյուն, վեցանկյուն, որպեսզի ավելի մեծ հնարավորություն լինի առևտուր անելու, որպեսզի հնարավորություն լինի այդ բանակցությունները երկարաձգելու և որևէ փաստաթուղթ չստորագրելու։ Երբ խնդիրը դրված է, որ Արցախը պետք է լինի Ադրբեջանի կազմում, մարդկանց ասում ես՝ այլընտրանք կա, միանգամից հայելային այլընտրանք են մտածում․ եթե մի կողմում կա Արցախը Ադրբեջանի կազմում լինելը, ուրեմն քո այլընտրանքն այն է, որ Արցախը լինի անկախ կամ Հայաստանի մաս։ Իմ այլընտրանքը հետևյալն է՝ փաստաթուղթ ստորագրելու այլընտրանքը փաստաթուղթ չստորագրելն է։ Այո՛, Արցախի անկախությունը մեր վերջնական նպատակը պետք է լինի, բայց այսօր՝ հաշվի առնելով աշխարհում ստեղծված իրավիճակ, առաջարկում եմ, որ մեր առջև ավելի համեստ խնդիր դնենք»։

Նրա կարծիքով՝ բանակցությունների օրակարգում պետք է ներառել Շուշիի և Հադրութի, Արցախի կարգավիճակի, Հայաստանի տարածքներից ադրբեջանական ուժերի դուրսբերման հարցերը։

«Այս օրակարգում կարելի է ստեղծել մի փաթեթ, որի շուրջ կարելի է հավերժ բանակցել։ Այսօր իշխանությունները խոսում են Արցախը Ադրբեջանի կազմում թողնելու մասին և նրանք դեռ իշխանության են։ Բայց եթե իշխանությունները սրան հոգեբանորեն պատրաստ են, ես առաջարկում եմ գնալ ավելի համարձակ քայլերի և հարցն ամբողջությամբ տեղափոխել իրավական դաշտ՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի խնդիրը քննարկել միջազգային դատարանում։ Միջազգային դատարան գնալը 50/50 հնարավորություն է, չգիտես՝ ինչ ելք կլինի, բայց եթե այսօր իշխանություն ես, որը խնդիր չի տեսնում Արցախը տեսնել Ադրբեջանի կազմում, դու ռիսկի չես դիմում, գնա՛ և միջազգային դատարանում ձեռնոց նետի՛ր Ադրբեջանին»։

Վարդան Օսկանյանը համոզված է, որ խնդիրը իրավական հարթություն տեղափոխելու դեպքում կբացառվի նաև ադրբեջանական նոր ագրեսիան, «քանի որ ցույց ես տալիս, որ պատրաստ ես քաղաքակիրթ ճանապարհով գնալ խաղաղ կարգավորման»։

Մեկնաբանել