Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչները պայմանավորվել են վերականգնել Հայաստանից Արցախ գնացող բարձրավոլտ էլեկտրագիծն ու գազամատակարարումը, հաղորդում է «Արցախպրեսը»՝ վկայակոչելով Արցախում ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությանը։
Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպմանը պայմանավորվածություններ են ձեռք բերվել Հայաստանից Արցախը սնուցող բարձրավոլտ միակ էլեկտրագծի և գազամատակարարումը լիարժեք վերականգնելու վերաբերյալ: Աղբյուրի հաղորդմամբ՝ ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը շարունակում է բանակցությունները Լաչինի միջանցքով ավտոմոբիլային տրանսպորտի անարգել երթևեկությունը վերսկսելու ուղղությամբ:
***
Ադրբեջանը Արցախի շրջափակումն սկսել է 2022-ի դեկտեմբերի 12-ին։ Անցած 76 օրերի ընթացքում մոտ տասն անգամ խափանվել է Հայաստանից Արցախ գազամատակարարումը։ Ադրբեջանը խափանել է նաև Հայաստանից Արցախ գնացող բարձրավոլտ էլեկտրագիծը, ինչի պատճառով Արցախում էներգետիկ ճգնաժամ է սկսվել։
Թե՛ գազատարը, թե՛ բարձրավոլտ էլեկտրագիծը անցնում են ադրբեջանական վերահսկողության տարածքներով։