Շրջափակման ընթացքում Արցախում ծնվել է 300 երեխա

Ադրբեջանի կողմից շրջափակման ընթացքում Արցախի ծննդատներում արդեն ծնվել է 300 երեխա, հաղորդում է Արցախի առողջապահության նախարարությունը։

«Ադրբեջանական կողմի ահաբեկչական վարքագծի պատճառով նորածին երեխաներն ու նրանց մայրիկներն ամեն օր առերեսվում են լուրջ խնդիրների հետ՝ կապված մանկական սննդի, տակդիրների, դեղորայքի և այլ առաջին անհրաժեշտության պարագաների պակասի հետ»,- ասված է հաղորդագրությունում։

Գերատեսչությունից հայտնում են, որ 2 երեխա գտնվում է մանկական հիվանդանոցի նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում:

***

Ադրբեջանը Արցախի ճանապարհը փակ է պահում 2022-ի դեկտեմբերի 12-ից։ Անցած 78 օրերի ընթացքում մոտ տասն անգամ խափանվել է Հայաստանից Արցախ գազամատակարարումը։ Ադրբեջանը խափանել է նաև Հայաստանից Արցախ գնացող բարձրավոլտ էլեկտրագիծը, ինչի պատճառով Արցախում էներգետիկ ճգնաժամ է սկսվել։ Թե՛ գազատարը, թե՛ բարձրավոլտ էլեկտրագիծը անցնում են ադրբեջանական վերահսկողության տարածքներով։

Մեկնաբանել