Քննարկվել է հայ-իրանական տեխնիկական և արհեստագործական ուսումնարան ստեղծելու հարցը

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն ընդունել է Իրանի կոոպերացիայի, աշխատանքի և սոցիալական բարեկեցության նախարար Սեյեդ Սոուլաթ Մորթազավիի գլխավորած պատվիրակությանը։

Հանդիպմանը ներկա են եղել ՀՀ-ում Իրանի դեսպանը, երկու կողմերի նախարարի տեղակալները, Մեջլիսի պատգամավոր, նախարարության Միասնական սոցիալական ծառայության պետը, հատուկ խորհրդականներ և այլք։

«Անդրադառնալով երկու երկրների միջև կրթական և մասնագիտական կողմնորոշման ծրագրերի շուրջ համագործակցության զարգացման անհրաժեշտությանը՝ քննարկվել է նաև իրանական կողմի առաջարկը՝ համատեղ տեխնիկական և արհեստագործական ուսումնարաններ ստեղծելու վերաբերյալ։ Իրանի 13 000 ուսումնարաններում տարեկան ավելի քան մեկ միլիոն քաղաքացու տեխնիկական և մասնագիտական կրթություն է ապահովվում․ ըստ այդմ՝ դիտարկվել է Հայաստանում նմանօրինակ աշխատարան ստեղծելու հնարավորությունը»,- ասված է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տարածած հաղորդագրությունում։

Հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել դիտարկել հաշմանդամություն ունեցող անձանց համար անկախ կյանքի կենտրոնների և փոքր խմբային տների ստեղծման, կենսաթոշակային ապահովության, աշխատանքի և զբաղվածության, սոցիալական ապահովության ոլորտներում փորձի փոխանակման հնարավորությունները։

Իրանցի նախարարը հետաքրքվել է 2020-ի պատերազմի հետևանքով հաշմանդամություն ձեռք բերած անձանց թվի, մատուցվող ծառայությունների մասին։ Այս համատեքստում նախարարները քննարկել են Սյունիքում անկախ կյանքի կենտրոն ստեղծելու հնարավորությունը․ «Սեյեդ Սոուլաթ Մորթազավին պատրաստակամություն է հայտնել տրամադրել մասնագիտական աջակցություն և կիսվել լավագույն փորձով, միաժամանակ 2020-ի պատերազմի ընթացքում հաշմանդամություն ձեռք բերած անձանց վերականգնողական ծառայությունների մի փուլ էլ մատուցել Իրանում»,- նշում են նախարարությունից։

Մեկնաբանել