Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ նորանշանակ դեսպանին

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը փետրվարի 27-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ նորանշանակ դեսպան Քրիստինա Քվինին, հայտնում է խորհրդարանի կայքը։

«Կողմերն անդրադարձել են ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակին՝ մտահոգություն հայտնելով արցախահայության շրջանում առաջացած հումանիտար աղետի վերաբերյալ: Ալեն Սիմոնյանն ընդգծել է, որ այս ուղղությամբ կարևոր քայլերից է ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի որոշումը, որով Ադրբեջանին պարտավորեցվում է իր ստանձնած պարտականություններով ապահովելու տրանսպորտի և մարդկանց անխափան տեղաշարժը Լաչինի միջանցքով: Նա շեշտել է, որ որոշման իմպլեմենտացիայի հարցում Միացյալ Նահանգները կարող է որոշիչ, ծանրակշիռ դեր ունենալ»,- ասված է հաղորդագրությունում։

Ըստ Հայաստանի ԱԺ-ի՝ հանդիպմանը մտքեր են փոխանակվել միջազգային հանրության կողմից Ադրբեջանի նկատմամբ ճնշման ավելացման անհրաժեշտության մասին, այդ թվում՝ պատժամիջոցների հնարավոր կիրառման շուրջ:

«Ալեն Սիմոնյանը նշել է, որ Հայաստանը տարածքային պահանջներ չունի իր հարևանների նկատմամբ, որդեգրել է ժողովրդավարության ուղին և շարունակում է հավատարիմ մնալ խաղաղության հասնելու օրակարգին»,- նշված է հաղորդագրության մեջ։

Մեկնաբանել