Միրզոյանը Կարմիր խաչի նախագահի հետ քննարկել է ԼՂ-ում հումանիտար իրավիճակը

Աշխատանքային այցով Ժնևում գտնվող Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը փետրվարի 27-ին հանդիպում է ունեցել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) նախագահ Միրյանա Սպոլյարիչ Էգերի հետ, հաղորդում է ՀՀ ԱԳՆ-ն։

Հանդիպմանը կողմերը քննարկել են Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար իրավիճակի մանրամասները։

«Նախարար Միրզոյանն ընդգծել է, որ Ադրբեջանը կոպտորեն խախտում է իր կողմից ստանձնած հանձնառությունները, ինչպես նաև միջազգային հումանիտար իրավունքի և մարդու իրավունքների պաշտպանության նորմերը: Շեշտվել է նաև Արդարադատության միջազգային դատարանի կողմից Ադրբեջանի նկատմամբ հրատապ միջոցների կիրառման վերաբերյալ փետրվարի 22-ին կայացված որոշման իրականացման կարևորությունը։ Արարատ Միրզոյանն անդրադարձել է ԿԽՄԿ ակտիվ ներգրավվածության անհրաժեշտությանը՝ ուղղված Լեռնային Ղարաբաղում առկա հումանիտար մարտահրավերների հասցեագրմանը»,- ասված է հաղորդագրությունում։

Միրզոյանը շեշտել է նաև Լեռնային Ղարաբաղ և Լաչինի միջանցք միջազգային փաստահավաք առաքելություն գործուղելու, ինչպես նաև միջազգային համապատասխան կառույցների անարգել հումանիտար հասանելիություն ապահովելու հրամայականը:

Մեկնաբանել