ԱՄՆ-ը կաջակցի՞ Հայաստանին ադրբեջանական ագրեսիայի դեպքում. զրույց արհեստական բանականության հետ

Մի շարք հայ մեկնաբաններ և քաղաքական գործիչներ պնդում են, թե ԱՄՆ-ը աջակցություն կցուցաբերի Հայաստանին ադրբեջանական ռազմական ագրեսիայի դեպքում։ Նրանցից ոմանք նաև իդեալականացնում են ԱՄՆ-ի արտաքին քաղաքականությունը՝ հավատալով, որ Միացյալ Նահանգները կպաշտպանի ժողովրդավարական երկրներին ավտորիտար ռեժիմների ոտնձգություններից:

ՍիվիլՆեթը հարցեր է ուղղել արհեստական բանականության ChatGPT-ին։ Ստորև ներկայացնում ենք ChatGPT-ի ամբողջական պատասխանները՝ թեթև խմբագրումներով։

Հարցերը՝ Կարեն Հարությունյանի

Հարց – Ժողովրդավարության և մարդու իրավունքների հասկացությունները դեր խաղո՞ւմ են ԱՄՆ արտաքին քաղաքականության մեջ: Վաշինգտոնի ռազմավարական և աշխարհաքաղաքական շահերը որքանո՞վ են գերակա այդ արժեքների նկատմամբ:

Պատասխան – Միացյալ Նահանգները հաճախ է հանձնառություն հայտնում խթանելու ժողովրդավարությունը և մարդու իրավունքները ամբողջ աշխարհում՝ որպես իր արտաքին քաղաքականության առանցքային տարր: Այս արժեքները ամրագրված են ԱՄՆ բազմաթիվ օրենքներում, քաղաքականություններում և միջազգային համաձայնագրերում և ԱՄՆ ղեկավարների կողմից հաճախ նշվում են որպես երկրի արտաքին քաղաքականության առաջնորդող սկզբունքներ:

Այնուամենայնիվ, գործնականում ԱՄՆ կառավարության գործողությունների վրա հաճախ ազդում են մի շարք գործոններ, այդ թվում՝ ռազմավարական և աշխարհաքաղաքական շահերը, տնտեսական նկատառումները և ներքին քաղաքականությունը: Որոշ դեպքերում, այս շահերի հետապնդմամբ՝ Միացյալ Նահանգներն աջակցել է ավտորիտար ռեժիմներին կամ անտեսել դաշնակիցների կողմից մարդու իրավունքների խախտումները:

Այս արժեքների ու ԱՄՆ ռազմավարական և աշխարհաքաղաքական շահերի միջև հաճախ է հակադրություն լինում, և ԱՄՆ-ի քաղաքական որոշումները միշտ չէ, որ համահունչ են ժողովրդավարության և մարդու իրավունքների նկատմամբ նրա հանձնառություններին: Օրինակ, ԱՄՆ կառավարությունը քննադատության է ենթարկվել Մերձավոր Արևելքի ավտորիտար վարչակարգերին աջակցելու համար, ինչպիսին է Սաուդյան Արաբիան, չնայած մարդու իրավունքների ասպարեզում այդ երկրի վատ ցուցանիշներին և ահաբեկչության դեմ պատերազմի ժամանակ կալանավորների նկատմամբ վերաբերմունքին:

Ի վերջո, այս արժեքների և ԱՄՆ ռազմավարական շահերի միջև հավասարակշռությունը շարունակական բանավեճի առարկա է, և մի շարք գործոններ կշարունակեն ազդել քաղաքական որոշումների վրա: Այնուամենայնիվ, ամերիկացիներից շատերը և մարդիկ ամբողջ աշխարհում շարունակում են ակնկալել, որ ԱՄՆ կառավարությունը կպաշտպանի և կխթանի ժողովրդավարական արժեքները և մարդու իրավունքները՝ որպես իր արտաքին քաղաքականության հիմնական տարրեր:

Հարց – Ժողովրդավարական երկրները կարո՞ղ են ապավինել ԱՄՆ-ի աջակցությանը ոչ ժողովրդավարական երկրների կողմից ռազմական ագրեսիայի դեպքում:

Պատասխան – Միացյալ Նահանգները ոչ ժողովրդավարական երկրների կողմից ռազմական ագրեսիայի բախվող ժողովրդավարական երկրներին ռազմական օգնություն ցուցաբերելու պատմություն ունի: Այնուամենայնիվ, նման օգնություն տրամադրելու որոշման վրա սովորաբար ազդում են մի շարք գործոններ, այդ թվում՝ ԱՄՆ ռազմավարական շահերը, քաղաքական նկատառումները և իրավական պարտավորությունները:

Հարց – Միացյալ Նահանգները կաջակցի՞ Հայաստանին ադրբեջանական ագրեսիայի դեպքում։

– Հայաստանի և Ադրբեջանի դեպքում ԱՄՆ կառավարությունը մտահոգություն է հայտնել վերջին հակամարտության առնչությամբ և կոչ է արել հակամարտությունը կարգավորել խաղաղ դիվանագիտական ճանապարհով: ԱՄՆ կառավարությունը նաև մարդասիրական օգնություն է ցուցաբերել հակամարտությունից տուժածներին:

Պարզ չէ՝ ԱՄՆ կառավարությունն արդյոք ռազմական օգնություն կտրամադրի Հայաստանին ադրբեջանական ագրեսիայի դեպքում։ Դա կախված կլինի մի շարք գործոններից։ ԱՄՆ կառավարությունը հավանաբար կքննարկի նման հակամարտության ռազմավարական հետևանքները, ինչպես նաև ցանկացած իրավական կամ դիվանագիտական պարտավորություն, որ կարող է ունենալ Հայաստանի հանդեպ:

Հարկ է նշել, որ ԱՄՆ կառավարությունը բարդ հարաբերություններ ունի ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի հետ, և ԱՄՆ քաղաքական որոշումների վրա հաճախ ազդում են մի շարք գործոններ, որոնք դուրս են զուտ ժողովրդավարական արժեքներից: Ի վերջո, ցանկացած իրավիճակում ռազմական օգնություն տրամադրելու ԱՄՆ կառավարության որոշումը հիմնված կլինի մի շարք գործոնների վրա և քաղաքական բանավեճի ու հանրային վերահսկողության առարկա կլինի:

Հարց – Միացյալ Նահանգները կկիրառի՞ կամ կսպառնա՞ պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի և/կամ նրա պաշտոնյաների նկատմամբ՝ Հայաստանի դեմ ռազմական ագրեսիայի դեպքում:

Պատասխան – Ես արհեստական բանականության լեզվի մոդել եմ և չունեմ գաղտնի տեղեկատվություն կամ իրական ժամանակի թարմացումներ կովկասյան տարածաշրջանում քաղաքական իրավիճակի վերաբերյալ: Այնուամենայնիվ, ես կարող եմ որոշ ընդհանուր տեղեկություններ տրամադրել ԱՄՆ կառավարության կողմից պատժամիջոցները որպես արտաքին քաղաքականության գործիք օգտագործելու վերաբերյալ:

ԱՄՆ կառավարությունը տնտեսական պատժամիջոցներն օգտագործել է որպես արտաքին քաղաքականության գործիք՝ արձագանքելու մի շարք խնդիրների, այդ թվում՝ մարդու իրավունքների խախտումներին, ահաբեկչությանը և զենքի տարածմանը: Պատժամիջոցների կիրառումը սովորաբար որոշվում է յուրաքանչյուր կոնկրետ դեպքի հիման վրա, և դրա վրա ազդում են մի շարք գործոններ, այդ թվում՝ խնդրի լրջությունը, պատժամիջոցների արդյունավետությունը որպես գործիք և հնարավոր ազդեցությունը ԱՄՆ շահերի վրա:

Հայաստանի դեմ ռազմական հարձակման դեպքում ԱՄՆ կառավարությունը պատժամիջոցներ կկիրառի՞ կամ կսպառնա՞ կիրառել Ադրբեջանի և/կամ նրա պաշտոնյաների նկատմամբ, պարզ չէ։ Դա կախված կլինի մի շարք գործոններից, այդ թվում՝ հակամարտության սրությունից և ԱՄՆ-ի իրավական կամ դիվանագիտական պարտավորություններից տարածաշրջանում։

Ի վերջո, պատժամիջոցները որպես արտաքին քաղաքականության գործիք օգտագործելը քաղաքական որոշման և հանրային վերահսկողության հարց է, և այն պետք է ելնի մի շարք գործոններից և նկատառումներից:

Հարց – Միացյալ Նահանգները երբևէ աջակցե՞լ է այլ երկրներում ժողովրդավարական ճանապարհով ընտրված կառավարությունների տապալմանը:

– Այո՛, Միացյալ Նահանգներն իր պատմության ընթացքում աջակցել կամ իրականացրել է պետական հեղաշրջումներ այլ երկրներում, հատկապես Սառը պատերազմի ժամանակաշրջանում:

Իրան (1953) – Կենտրոնական հետախուզական վարչությունը (ԿՀՎ) բրիտանական հետախուզության հետ կազմակերպեց հեղաշրջում, որը տապալեց Իրանի նավթային ոլորտը ազգայնացրած վարչապետ Մոհամադ Մոսադեղին։

Գվատեմալա (1954) – ԱՄՆ ԿՀՎ-ն աջակցեց հեղաշրջմանը, որը տապալեց երկրի ժողովրդավարական ճանապարհով ընտրված նախագահ Ջակոբո Արբենցին, որի իրականացրած հողային բարեփոխումները սպառնում էին երկրում գործող ամերիկյան ընկերությունների շահերին:

Կոնգո (1960) – ԱՄՆ կառավարությունը աջակցեց Կոնգոյի՝ առաջին անգամ ժողովրդավարական ճանապարհով ընտրված վարչապետ Պատրիս Լումումբայի տապալմանը, որը համարվում էր չափազանց ձախակողմյան և որը շատ մեծ համակրանք ուներ Խորհրդային Միության նկատմամբ:

Չիլի (1973) – 1973-ին ԱՄՆ կառավարությունը աջակցեց ռազմական հեղաշրջմանը, որը տապալեց ժողովրդավարական ճանապարհով ընտրված նախագահ Սալվադոր Ալենդեին: Հեղաշրջումը գլխավորեց գեներալ Աուգուստո Պինոչետը, և այն հանգեցրեց Չիլիում տարիներ տևած մարդու իրավունքների ոտնահարման և քաղաքական բռնաճնշումների:

Հաիթի (1991) – ԱՄՆ կառավարությունն աջակցեց Հաիթիի նախագահ Ժան-Բերտրան Արիստիդին պաշտոնանկ անելուն, որը տարածաշրջանում դիտվում էր սպառնալիք ԱՄՆ շահերին:

Հոնդուրաս (2009) – ԱՄՆ կառավարությունը աջակցեց ժողովրդավարական ճանապարհով ընտրված նախագահ Մանուել Զելայայի պաշտոնանկությանը, որը պաշտոնանկ արվեց ռազմական հեղաշրջման արդյունքում: ԱՄՆ կառավարությունը ի սկզբանե հրաժարվեց տեղի ունեցածը հեղաշրջում անվանել, և հեղաշրջումից հետո շարունակեց ռազմական օգնություն տրամադրել Հոնդուրասի կառավարությանը:

Սրանք ընդամենը մի քանի օրինակներ են, կան այլ օրինակներ ևս: ԱՄՆ կառավարությունը քննադատության է ենթարկվել պետական հեղաշրջումներին աջակցելու և այլ երկրներում ժողովրդավարական կառավարություններ խարխլելու մեջ ներգրավված լինելու համար, և այդ գործողությունները տևական հետևանքներ են ունեցել այդ երկրների և ԱՄՆ արտաքին քաղաքականության համար:

Հարց – ԱՄՆ-ն ունի՞ բռնապետական դաշնակիցներ:

Պատասխան – Միացյալ Նահանգներն իր պատմության ընթացքում դաշինքներ և հարաբերություններ է ունեցել մի շարք կառավարությունների հետ, որոնցից մի քանիսը եղել են ավտորիտար կամ տոտալիտար: Սառը պատերազմի ժամանակ ԱՄՆ կառավարությունը հաճախ աջակցում էր ավտորիտար կառավարություններին՝ հանուն կոմունիզմի տարածումը զսպելու:

Տոտալիտար կառավարությունների հետ ԱՄՆ-ի դաշինքների օրինակներ են Սաուդյան Արաբիան, Պակիստանը, Եգիպտոսը, Հարավային Կորեան և Չիլին:

Միացյալ Նահանգները Սաուդյան Արաբիայի հետ երկարամյա դաշինք է ունեցել՝ չնայած երկրի ավտորիտար կառավարությանը և մարդու իրավունքների ոտնահարումներին:

Միացյալ Նահանգները բարդ հարաբերություններ է ունեցել նաև Պակիստանի հետ, որտեղ տևական ժամանակ ռազմական բռնապետություններ են եղել։

ԱՄՆ կառավարությունն աջակցել է Եգիպտոսի ավտորիտար կառավարությանն ինչպես նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի, այնպես էլ ներկայիս նախագահ Աբդել Ֆաթահ ալ Սիսիի օրոք:

Սառը պատերազմի տարիներին Միացյալ Նահանգները աջակցում էր Հարավային Կորեայի ավտորիտար կառավարությանը, որը մեղադրվում էր մարդու իրավունքների ոտնահարման և քաղաքական այլախոհությունը ճնշելու մեջ:

ԱՄՆ կառավարությունը 1970-ական և 1980-ական թվականներին աջակցել է Չիլիում Աուգուստո Պինոչետի ռազմական բռնապետությանը:

Հարկ է նշել, սակայն, որ Միացյալ Նահանգները աջակցել է նաև ժողովրդավարական կառավարություններին և իրավապաշտպաններին ամբողջ աշխարհում: ԱՄՆ արտաքին քաղաքականության վրա հաճախ ազդում են մի շարք գործոններ, ներառյալ ռազմավարական և տնտեսական շահերը, ինչպես նաև գաղափարական նկատառումները:

Read the article in English: Will US support Armenia in case of Azerbaijani aggression? ChatGPT responds

Մեկնաբանել