Միայն վճռական գործողությունները կարող են փրկել Վրաստանի ժողովրդավարությունը

OC Media-ի խմբագրականը

Օտարերկրյա գործակալների մասին ռուսաստանյան ոճի օրենքը, որը ներկայում անցկացվում է Վրաստանի խորհրդարանում, կարող է դառնալ Վրաստանի ժողովրդավարության ջանքի վերջի սկիզբը: Միայն վճռական գործողությունները՝ Վրաստանում և դրսից, կարող են կանխել Վրաստանի գլորքը դեպի ավտորիտարիզմ։

Ի տարբերություն վրացական որոշ ընդդիմադիր լրատվամիջոցների՝ OC Media-ն նախկինում ձեռնպահ էր մնում «ռուսամետ» կամ «ավտորիտար» պիտակներ շպրտելուց՝ իշխող «Վրացական երազանք» կուսակցության կառավարությանը բնութագրելիս:

Երբ անգամ դրա նշանները սկսել էին դրսևորվել, օրինակ՝ ռուս պատգամավոր Սերգեյ Գավրիլովին խորհրդարանի խոսնակի ամբիոնից ելույթ ունենալու հրավերը, կամ կուսակցության կողմից դատական իշխանությունը գրավելը, մենք տեսնում էինք, որ իշխող կուսակցությունը՝ լինի անկեղծ համոզմունքից, թե պոպուլիզմից դրդված, դեռ հետամուտ է ԵՄ-ին մերձենալու և, ի վերջո, միանալու հանրության ճնշող ցանկությանը:

Բայց այն, ինչի ականատեսն ենք հիմա, դժվար է այլ կերպ նկարագրել:

Ուկրաինա ռուսական ներխուժման սկզբից ի վեր կուսակցությունն արմատապես հակաարևմտյան շրջադարձ է կատարել:

Եթե թույլատրվի, որ ուժի մեջ մտնի օտարերկրյա գործակալների մասին օրենքը, որն ամբողջությամբ կրկնակված է Պուտինի Ռուսաստանից, դա կարող է անշրջելի լինել:

Օրենքը միանշանակ մշակված է նսեմացնելու և վարկաբեկելու Վրաստանի կենսունակ քաղաքացիական հասարակությանն ու լրատվամիջոցներին, որոնք, անկախ թերություններից, պատասխանատվության են ենթարկում կառավարությանը: Փաստորեն, օրենքի ընդունումից դեռ առաջ պաշտոնյաներն արդեն սկսել են հենց դա անել։

Կառավարությունն օգտագործում էր այն նույն փաստարկները, ինչ ռուս պաշտոնյաները՝ մարդկանց համոզելու, թե օրենքն անվնաս է: Միևնույն ժամանակ, նրանք որևէ կերպ չփորձեցին ապացուցել, որ Վրաստանի քաղաքացիական հասարակությունը ֆինանսական թափանցիկության պակասի խնդիր ունի:

Ներկայիս օրինագիծն արդեն ավելի ընդարձակ է, քան Ռուսաստանի օտարերկրյա գործակալների մասին օրենքը, երբ այն առաջին անգամ ընդունվեց 2012-ին. Լրատվամիջոցները սկսեցին ներառվել Ռուսաստանի օրենքում միայն 2017-ին: Ռուսաստանի օրենքը հետագայում խստացվեց՝ երկրի քաղաքացիական հասարակությունը ոչնչացնելու համար. մի բան, որն այժմ սպասում է Վրաստանին։

Երբ ռուսական օրենքն ընդունվեց, Ռուսաստանի հասարակությունը, քաղաքացիական հասարակությունը և միջազգային հանրությունը չկարողացան կասեցնել այն: Կարելի էր պնդել, որ պարզ չէր, թե կոնկրետ ուր կտանի դա։

Այժմ նման արդարացում չկա։

OC Media-ն Վրաստանում գրանցված 63 այլ լրատվամիջոցների հետ խոստացել է չբավարարել օրենքի պահանջները: Սա մեզ վտանգի տակ է դնում ծանր տուգանքներ ստանալու կամ էլ, քննարկվող օրինագծի տարբերակներից մեկի ընդունման դեպքում, բանտարկության համար:

Սակայն սրան պետք է դիմակայել բոլոր մակարդակներում՝ Վրաստանում և Արևմուտքում մեր դաշնակիցների շրջանում, նրանց կողմից, ովքեր կարող են կանգնեցնել օրենքի ընդունումը, քանի դեռ ուշ չէ:

Սա դեռ տեղի չի ունենում։ Արևմուտքում քաղաքականություն մշակող որոշ շրջանակների մոտ կա տրամաբանություն, որ Վրաստանի կառավարության նկատմամբ չափազանց կոշտ լինելը կարող է հանգեցնել «Վրաստանի կորստին»: Դա սխալ է։ Միանգամայն պարզ է, որ Արևմուտքն արդեն իսկ կորցրել է Վրաստանի ներկայիս իշխանությանը, բայց դեռ չի կորցրել նրա ժողովրդին։

Կան անթիվ մեմեր, որոնք ծաղրում են ԵՄ-ի մտահոգության արտահայտությունները (այս անգամ նրանք ասել են, որ օրենքի նախագիծը «լուրջ մտահոգություններ է առաջացնում»): Ինչ պետք է ավելի ակտիվ անեն ԵՄ-ն և Արևմուտքն այժմ՝ պարզ ձևակերպեն՝ ինչ է նշանակում օրենքի ընդունումը:

ԵՄ-ն հայտարարել է, որ օրենքի նախագծի ընդունումը «անհամապատասխան կլինի» ԵՄ-ին միանալու Վրաստանի ցանկությանը: Սակայն դիվանագիտական նրբագեղությամբ արտահայտված նման լեզուն չի կարող արդյունավետ լինել վրաց հասարակությանը տեղեկացված ընտրություն կատարելու հնարավորություն տալու համար:

ԵՄ-ն պետք է միանգամայն հստակ՝ բարձրաձայն և հրապարակային, ասի, որ օրենքի ընդունումը անմիջապես վերջ կդնի Վրաստանի ԵՄ-ին դիմելու գործընթացին, քանի դեռ այն չի չեղարկվել:

ԱՄՆ-ը պետք է հստակեցնի, որ այս օրենքի ընդունումը՝ գլորքը դեպի ավտորիտարիզմ, կհանգեցնի ռազմական աջակցության անհապաղ դադարեցմանը:

Վրացական հասարակությունը, որն անդրդվելի է ժողովրդավարությունների գլոբալ ընտանիքին միանալու իր ցանկության մեջ, արժանի է իմանալու ճշմարտությունը, որ նման օրենքի ընդունումն անխուսափելիորեն Վրաստանը Արևմուտքի աչքում կդարձնի խեղճ:

Վճռական չգործելն այժմ դավաճանություն կլինի Վրաստանի ժողովրդի և նրա ձգտումների նկատմամբ:

Տե՛ս նաև՝ Վրաստանի խորհրդարանը կքննարկի օտարերկրյա գործակալների մասին օրինագիծ

Մեկնաբանել