Կարմիր խաչի միջնորդությամբ ութ բուժառու Արցախից տեղափոխվել է Հայաստան

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ 8 բուժառու այսօր՝ փետրվարի 28-ին, Արցախից տեղափոխվել է Հայաստան, հայտնում է Արցախի առողջապահության նախարարությունը։

Մինչ այսօր Կարմիր խաչի միջնորդությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել ընդհանուր 135 հիվանդ։

Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը փակելու պատճառով Արցախում շարունակում են դադարեցված մնալ պլանային վիրահատությունները։ «Հանրապետական բժշկական կենտրոն»-ում 7 բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որոնցից 3-ը ծայրահեղ ծանր վիճակում է։

***

Ադրբեջանը Արցախի ճանապարհը փակ է պահում 2022-ի դեկտեմբերի 12-ից։ Անցած 79 օրերի ընթացքում մոտ տասն անգամ խափանվել է Հայաստանից Արցախ գազամատակարարումը։ Ադրբեջանը խափանել է նաև Հայաստանից Արցախ գնացող բարձրավոլտ էլեկտրագիծը, ինչի պատճառով Արցախում էներգետիկ ճգնաժամ է սկսվել։ Թե՛ գազատարը, թե՛ բարձրավոլտ էլեկտրագիծը անցնում են ադրբեջանական վերահսկողության տարածքներով։

Մեկնաբանել